Վանաձորում ընտրական հանձնաժողովի նախագահը խոստովանել է ընտրախախտման, փաստը, սակայն հրաժարվել է արձանագրել

«Մեզ համար հերթական անգամ պարզ դարձավ, որ անհրաժեշտ են լուրջ համակարգային փոփոխություններ, և այս ընտրությունները, որոնք կուսակցական ընտրություններ չեն, խնդիր են առաջացնում հանրության ընկալման առումով. մարդիկ չեն գիտակցում, որ պետության անանջատելի օղակը հանդիսացող վարչական տարածքային միավորների, որոնք տվյալ պարագայում Տեղական ինքնակառավարման մարմիններն են, բարեկեցությունը, քաղաքացիների կյանքի որակը և այլն մեծապես կախված են տվյալ ընտրություններից»,- սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Ցավոք սրտի, այդ ընկալումը մարդկանց կողմից չկա: ԲՀԿ-ի կողմից բարձրացվող խնդիրները բնականաբար կրկնվում են. նորից օքսիդացող թանաքներ, ես չեմ հասկանում` ի՞նչն է պատասխանատուներին խանգարում վերջիվերջո ընկալել, որ այդ թանաքները հարկավոր է ստուգել մինչև ընտրական գործընթացի սկիզբը, նորից կամայականությունների հանձնաժողովների անդամների կամ նախագահների կողմից: Ես ինքս անգամ արձանագրել եմ մի փաստ, ընդ որում` տեսաձայնագրել եմ, թե ինչպես եմ հարց տալիս Վանաձորի ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահին. «Դուք համաձայն եք, որ այսինչ արարքն արգելված է օրենքով»: Ասում է` «այո»: Ես հարցնում եմ. «Եթե համաձայն եք, ապա ինչո՞ւ եք հրաժարվում արձանագրության տակ ստորագրել տեղի ունեցածի վերաբերյալ »: Պատասխանում է. «Որովհետև այդպես են հանձնարարել ընտրատարածքային հանձնաժողովից»: Եվ նման, բոլորի համար տեսանելի և հասկանալի շատ խնդիրներ`մարդկանց ընտրության ազատ կամքի վրա թելադրանքի փորձեր, շատ ժամանակ հաջողված և այլն»,- ասաց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ով որպես դիտորդ մասնակցում էր Վանաձորի քաղաքապետի ընտրություններին:

Նշենք, որ ըստ նախնական տվյալների` Վանաձորի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը`21.321 ձայներով, իսկ   «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Էդիկ Կարախանյանը` 13.091 ձայնով զբաղեցրել է երկրորդ տեղը:


 

 

Տեսանյութեր

Լրահոս