Հունաստանում գործադուլների նոր ալիք է սկսվել
Այսօր Հունաստանում մի քանի խոշոր գործադուլներ են սկսվել, որոնց մասնակցում են պետական կազմակերպությունների և ձեռնարկությունների, ինչպես նաև կրթական հաստատությունների աշխատողներ. Նրանք բողոքում են կառավարության նոր տնտեսական միջոցառումների դեմ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, պետական փոստային բանկի աշխատակիցներն այսօր սկսում են 24-ժամյա գործադուլ բանկի մասնավորեցման դեմ: Փակ են երկրում բանկի բոլոր մասնաճյուղերը: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կառավարությունն ուսումնասիրում է փոստային բանկի ապագայի 3 սցենար՝ նրա կապիտալի ավելացում, բանկի վաճառք կամ նրա ակտիվների բաժանում՝ «լավերի» և «թունավորների», որոնք չեն կարող վաճառվել սեփականատիրոջ համար ընդունելի գնով, սակայն առայժմ որոշում չի կայացվել:
Այսօր բողոքի ակցիա են անցկացնում նաև երկրի բնակչության մեծ մասին սպասարկող, բժշկական ծառայություններ տրամադրող EOPYY պետական կազմակերպության բժիշկները: Բժիշկները պատրաստվում են ուշ սկսել աշխատանքային օրը, իսկ չորեքշաբթի նրանք ընդհանրապես դուրս չեն գա աշխատանքի: Միաժամանակ, ակցիան շարունակում են դեղագործները և դեղատների աշխատակիցները. նրանք դադարել են սպասարկել պետական հիվանդանոցներին, դեղատներին և բժիշկներին: Սեպտեմբերի 12-ից նոր գործադուլ կանցկացնեն պետական հիվանդանոցների բժիշկները:
Այսօր ուսուցիչները կդադարեցնեն բուհեր դիմած աշակերտների աշխատանքների ստուգումը: Չորեքշաբթի աշխատանքի դուրս չեն գա պետական և մասնավոր դպրոցների ու բուհերի ուսուցիչները և դասախոսները, որոնք բողոքում են աշխատավարձերի կտրուկ կրճատման դեմ:
Սեպտեմբերի 17-22-ը ակցիա կանցկացնեն դատավորներն ու դատախազները. այդ օրը նրանք չեն աշխատի առավոտյան ժամը 11-ից մինչև ընդունելության ժամի ավարտը՝ բողոքելով աշխատավարձերի կրճատման դեմ:
Հունաստանում 2010 թ. գարնանից տեղի են ունենում գործադուլներ և զանգվածային ցույցեր, որոնց համար պատճառ են հանդիսանում կառավարության կոշտ տնտեսական միջոցառումները և մի շարք պետական ձեռնարկությունների մասնավորեցումը: