
Շվեյցարահայկական ընկերակցությունը պահանջներ է ներկայացրել Հունգարիայի դեսպանին և շվեյցարական կառավարությանը

Շվեյցարա-հայկական ընկերակցությունը Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի հետ միասին իր զորակցությունն է հայտնել Շվեյցարիայի հայ համայնքին՝ բողոքելով ադրբեջանցի հանցագործին արտահանձնելու Հունգարիայի որոշման դեմ:
Սեպտեմբերի 8-ին Շվեյցարիայի խորհրդարանի ներկայացուցիչները հանդիպել են Բեռնում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրաշ Օրգովանյիին և հունգարական կառավարությանը հասցեագրված բողոքի նոտա փոխանցել նրան:
Նոտայի մեջ մասնավորապես նշված է, որ.
– Պատասխանատվության ենթարկել Սաֆարովի արտահանձնման նման կոպտագույն պետական սխալի համար մեղավորներին
– Դատապարտել Ալիևի կողմից մարդասպանի ազատ արձակումը
– Հետ կանչել Բաքվում Հունգարիայի դեսպանին:
Շվեյցարահայ համայնքը արձանագրում է, որ Հունգարիան իր քայլով վարկաբեկել է արդարադատությունը: Նա նաև արատավորել է Եվրամիության անդամ և ժողովրդավար երկիր կոչվելու պատիվը:
Շվեյցարահայ համայնքը խստորեն դատապարտում է ցմահ ազատազրկված հանցագործին ներում շնորհելու Ադրբեջանի իշխանությունների քայլը՝ համարելով այն սադրիչ գործողություն: Այն վտանգում է տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը ու նաև հայերի կյանքը ողջ աշխարհում: Հայի սպանած ազերի մարդասպանին հերոսացնելու ադրբեջանական իշխանությունների արարքը ոիրենց ագրեսիվ հռետորաբանության շարունակությունն է:
Շվեյցարա-հայկական ընկերակցությունը Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի հետ միասին համոզված է. Շվեյցարիայի ազգային շահերը թելադրում են, որ պահանջի Իլհամ Ալիևից՝ կատարել Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները: Այս քայլը չանելով՝ Շվեյցարիան կգցի խաղաղասեր երկրի իր վարկը: