Չեխիայի հայերը բողոքի ցույց են անցկացրել
«Վիկտոր Օրբանը Եվրամիության և ՆԱՏՕ-ի խայտառակությունն է», «Հունգարիայի վարչապետն իր երկրի պատիվը ծախել է Ադրբեջանին», «Ալիևը քաջալերում է մարդասպանին»` այս և նմանօրինակ այլ բազմաթիվ կարգախոսներով, պաստառներով, Հայաստանի և Չեխիայի պետական դրոշներով, Գուրգեն Մարգարյանի դիմանկարներով սեպտեմբերի 8-ին Չեխիայի հայությունը բողոքի է ցույց անցկացրել Պրահայում Հունգարիայի դեսպանատան մոտ։
Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Չեխիայի հայ համայնքի ակտիվիստների կազմակերպած այս ցույցին մասնակցել է հարյուրից ավելի մարդ` տարեցներ, երիտասարդներ և երեխաներ` ոչ միայն Չեխիայի մայրաքաղաքից, այլև երկրի տարբեր քաղաքներից։
Ցուցարարները չեխերեն և անգլերեն ընթերցել են հայության պահանջը` դատապարտել մարդասպան Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան, ապահովել նրա վերադարձը բանտ, որտեղ նա պարտավոր է մինչև վերջ կրել իր պատիժը քստմնելի և աներևակայելի հանցանքի համար։
Երիտասարդները վանկարկում էին նաև հեգնական կարգախոսներ` «Ուշադրություն` աննախադեպ զեղչ, վաճառվում է մի ամբողջ երկիր, դիմեք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին»։
Պաստառներից մեկին էլ պատկերված է եղել հանցագործի ծաղրանկարը` խոզի դնչով և ականջներով, և դրան կից այսպիսի գրություն` «Աշխարհի ամենաթանկ խոզը` 3 միլիարդ դոլար»։
Ցուցարարները ընթերցել են մի հատված Չեխիայի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Չեխիայի փոխվարչապետ և արտգործնախարար Կարել Շվարցենբերգի մեկնաբանությունից այն մասին, որ Չեխիայի Հանրապետությունն այս կոնկրետ հարցում Հայաստանի կողմից է։
«Սաֆարովը դատապարտված մարդասպան է, տեղի ունեցածը ծաղր է ապրողների, արդարության եւ օրենքի գերակայության նկատմամբ»,- սեպտեմբերի 6-ին ասել էր Չեխիայի արտգործնախարարը։
Ցուցարարներն իրենց ելույթներում ընդգծել են, որ հայերը դատապարտում են ոչ թե հունգարացի բարեկամ ժողովրդին, այլ Հունգարիայի կառավարության տմարդի արարքը։
Ցուցարարները դիմել են Չեխիային` դատապարտելու Եվրամիության անդամ Հունգարիայի քայլը։
«Այս վիճակից միակ ելքը Սաֆարովին բանտ վերադարձնելն է և Ղարաբաղի անկախությունը ճանաչելը», – վանկարկել են հայերը։
Խաղաղ ցույցի ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։