Ամերիկայի հայ համայնքը դատապարտում է Սաֆարովի արտահանձնումը

Կանադայի, Ուրուգվայի, Բուենոս Այրեսի, Ավստրալիայի հայկական համայնքները և Հայ դատի հանձնախմբերը դատապարտել են հունգարա-ադրբեջանական գործարքը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Հունգարիայի իշխանությունների՝ հայ սպային քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին օգոստոսի 31-ին Ադրբեջան արտահանձնելու որոշումը, բողոքի ալիք է բարձրացրեց նաև ԱՄՆ-ի հայ համայնքներում:

Ռամիլ Սաֆարովի՝ Բաքու տեղափոխվելու մասին տեղեկատվությունը ստանալուց ժամեր անց ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջև: Սեպտեմբերի 6-ին բողոքի ցույց տեղի ունեցավ Լոս Անջելեսում Ադրբեջանի և Հունգարիայի հյուպատոսությունների առջև:

Օգոստոսի 31-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խստորեն դատապարտել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը: Հայ Դատը բողոքի նամակ է ուղարկել նաև Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատանը՝ միաժամանակ կոչ անելով հայությանը, որ նմանապես բողոքագրեր հղի Հունգարիայի դեսպանատանը և կոչ անի Օբամային դատապարտող այս անմարդկային արարքը:

Օգոստոսի 31-ին դատապարտող ուղերձով է հանդես եկել նաև Ամերիկայի հայ իրավաբանների միությունը, որը Ադրբեջանի գործողությունները որակել է հակաօրինական:
Սեպտեմբերի 1-ին Սպիտակ տան խոսնակ Թոմմի Վիետորը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, որ ԱՄՆ նախագահը խորապես անհանգստացած է Հունգարիայից վերադառնալուն պես Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու առթիվ: ԱՄՆ նաև բացատրություն է պահանջում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման կապակցությամբ:

Հունգարիայի և Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը և Ադամ Շիֆը, կոնգրեսականներ Աննա Էշոն, Հովարդ Բերմանը և Ֆրենկ Փալոնեն, ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը նամակ է ուղարկել Լոս Անջելեսում Հունգարիայի Հյուպատոս Լազլո Կալմանին՝ դատապարտելով վերջինիս կառավարության՝ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնին, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլառայգոսային, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին:

ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեզը հրապարակել է հայտարարություն՝ մեղադրելով դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը և Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշումը՝ ներում շնորհել, աջակցել և փառաբանել հրեշավոր մարդասպանին:

Կանադայի հայ համայնքը Օտտավայում բողոքի ցույց է կազմակերպել Հունգարիայի և Ադրբեջանի դեսպանությունների առջև, որին մասնակցել են նաև Մոնրեալի և Տորոնտոյի հայ համայնքների ներկայացուցիչներ: Բողոքի ցույցին աջակցել են «Արմեն Գարո» ուսանողական միությունը, «ՀԲԸՄ Կանադայի երիտասարդ մասնագետներ»-ը, A.S.A կազմակերպությունը և հայկական այլ կառույցներ:

Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը հրատարակել է բողոքի հաղորդագրություն՝ դատապարտելով Ադրբեջանի ազգայնամոլ կառավարությանը, որ ազգային հերոս է հռչակել մարդասպան Ռամիլ Սաֆարովին և ազատ արձակել նրան:

Բուենոս Այրեսի երիտասարդական միությունը կազմակերպել է բողոքի ցույց Հունգարիայի և Ադրբեջանի դեսպանությունների առջև: Բողոքի ցույցը կազմակերպել են ՀՅԴ «Արմենիա» երիտասարդական միությունը, Հոմենեթմենը:

Ավսրալիայի Հայ դատի հանձնախումբը նամակ է ուղարկել Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլլարդին՝ կոչ անելով խստորեն դատապարտել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը:

ԱՄՆ զանգվածային լրատվական տարբեր միջոցներով (ABC News, New York Times, Washington post, CNN, News.yahoo.com, blogs.wsj.com) պատրաստվել են նյութեր, որոնք մանրամասն ներկայացնում են 2004թ. Բուդապեշտում տեղի ունեցած հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ռամիլ Սաֆարովի ցմահ ազատազրկումը և օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից նրան Ադրբեջանին հանձնելու ու արդարացվելու փաստը: Բոլոր հոդվածները դատապարտում են այս իրադարձությունը և Ադրբեջանի հակաօրինական գործողությունները:

Սեպտեմբերի 14-ին հայկական և ավստրալական եկեղեցիները, քաղաքական և օգնություն ցուցաբերող կազմակերպությունները միասնաբար ցույց են կազմակերպելու Կանբերայում Հունգարիայի հյուպատոսության առջև:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո կոչով դիմել էր աշխարհասփյուռ հայությանը:

Տեսանյութեր

Լրահոս