«Հիմա կարո՞ղ ա ես պիտի ամեն ինչ թողնեմ, ընկնեմ ինչ-որ բաներ փնտրեմ…»
ՀՀԿ անդամ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆրանսիական «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հայտնի հարցազրույցում ասել է, թե 2009թ. Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ այն ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն է իրեն խորհուրդ տվել Արարատ լեռան պատկերը հանել Հայաստանի հավաքականի մարզաշապիկի վրայից և փոխարենը տեղադրել գնդակ:
«Ես ուզում էի գնդակը դնել գոյություն ունեցող լոգոյի տակ, բայց նա ինձ խորհուրդ տվեց լոգոյի մեջտեղում դնել: Ու երբ դրա շուրջ բանավեճ սկսվեց, նա (Տիգրան Թորոսյանը, Ա.Ս.) տղամարդկություն չունեցավ ասելու, թե իրականում ինչպես էր եղել դա»,- հայտարարել է Ռ. Հայրապետյանը:
168.am-ը հետաքրքրվեց Տիգրան Թորոսյանից, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Սակայն Տ. Թորոսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ այս առիթով` պատճառաբանելով, որ նախ ինքը պետք է կարդա այդ հարցազրույցը.
«Օրենսդիր մարմինը ոչ մի կապ չունի ֆուտբոլի հետ: Պետք է կարդամ, հետո կերևա: Ճիշտն ասած` ոչ էլ ցանկություն ունեմ մեկնաբանելու նման բաները»:
Հետաքրքրվեցինք, թե երբ նա ծանոթանա Ռ.Հայրապետյանի հարցազրույցին, կարո՞ղ ենք ավելի ուշ կապվել նրա հետ` մեկնաբանություն ստանալու համար, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Հիմա կարո՞ղ ա ես պիտի ամեն ինչ թողնեմ, ընկնեմ ինչ-որ բաներ փնտրեմ…»:
Հիշեցնենք, որ 2009թ., երբ սկսվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, և հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի միջև Շվեյցարիայում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, 4 օր անց` հոկտեմբերի 14-ին, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա` իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ դիտելու Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը, որին սակայն Հայաստանի հավաքականը ներկայացավ առանց մարզաշապիկների վրա Արարատի պատկերի, ինչը լուրջ քննադատության ենթարկվեց Հայաստանում: