Մոտ 50.000 դոլար է պետք` Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դարձնելու համար
Հայաստանը որպես տարածաշրջանային՝ Մերձավոր Արևելքի աստղագիտական կենտրոն կընտրվի այն դեպքում, եթե պետությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերի:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Ըստ նրա՝ տարածաշրջանի կենտրոն դառնալու համար հայտ են ներկայացրել ևս 7 պետություններ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Իրանը, Հորդանանը, հնարավոր է՝ նաև Թուրքիան: «Այս բոլոր երկրների մեջ Հայաստանն աստղագիտական առումով ամենազարգացածն է, սակայն խնդիրն այն է, որ մյուս երկրները մեծ թափով ֆինանսավորում են գիտության բնագավառը»,- նշում է Ա. Միքայելյանը:
Ըստ Արեգ Միքայելյանի՝ Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալու դեպքում շատ կբարձրանա. «Սա նաև քաղաքական հարց է, քանի որ ոչ մի այլ բնագավառում Հայաստանն այնքան զարգացած չէ, որ դառնա տարածաշրջանային կենտրոն»:
Ըստ Արեգ Միքայելյանի նախնական հաշվարկների՝ Հայաստանին տարածաշրջանային կենտրոն դառնալու համար անհրաժեշտ է մոտ հիսուն հազար դոլար: Նրա համոզմամբ՝ մեր երկիրը կարող է նախնական ներդրումներ անել, իսկ հետագայում՝ նաև տարածաշրջանային այլ երկրներից գումարներ ստանալ:
Նա նաև նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի ղեկավարությունը կհամաձայնի ֆինանսական աջակցություն ցուցաբերել. «Մեր պետական ղեկավարները սիրում են հնչեղ բաներ, որոնք կարող են մեծ էֆեկտ տալ, բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը: Եթե շարժվեն այս նույն գիտակցությամբ, ապա կհամաձայնեն»: