Միացյալ Նահագները շատ անհանգստացած են Սաֆարովի ազատ արձակմամբ
Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթընին:
ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության ամաձայն` ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարը գոհունակությամբ նշել է, որ ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, ներառելով բազմաթիվ ոլորտներ: Նա կարևորել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչների փոխայցելությունները:
Դեն Բարթընը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին շեշտել է, որ լինելով Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ՝ ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանին առնչվող խնդիրները և ուրախ է Երևան այցելելու և Հայաստանի իշխանությունների հետ միջազգային օրակարգի տարբեր հարցեր քննարկելու հնարավորության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման ադրբեջանա-հունգարական գործարքին, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դրան միջազգային հանրության կողմից տրված միահամուռ գնահատականը հստակ ուղերձ է պարունակում Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց սադրիչ գործողություններով լուրջ վնաս են հասցնում տարածաշրջանային անվտանգությանը: Այս ենթատեքստում կոնգրեսական Բարթընն ընդգծել է, որ Միացյալ Նահագները շատ անհանգստացած են Սաֆարովի ազատ արձակմամբ: