Անհապաղ հաստատեք դիվանագիտական հարաբերություններ և բացեք սահմանները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր  ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին, որոնց հետ քննարկել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին, Եվրամիության հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ողջունելով դեսպաններին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Սարգսյանը նշել է.

«Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը, որոնց  թվում բիզնես միջավայրի բարելավմանը: Տեսնում ենք, որ վերջին տարիների մեր բարեփոխումները փուլ առ փուլ տալիս են իրենց դրական արդյունքները, մասնավորապես, դրա մասին են վկայում Համաշախարհային բանկի Doing business-ի զեկույցները, որոնք  ցույց են տալիս, որ Հայաստանը քայլ առ քայլ բարելավում է իր բիզնես միջավայրը: Այդ մասին են վկայում նաև Մրցունակության համաշխարհային զեկույցները, որտեղ ևս մեր երկիրն արձանագրել է դիրքերի բարելավում: Չնայած այդ ամենին՝ այս ուղղությամբ դեռևս ունենք լուրջ անելիքներ»:

ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Տ. Սարգսյանը նշել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանի համար էական նշանակություն ունի Եվրամիության օժանադակությունը:

«Այսօր մենք ԵՄ-ի հետ արդյունավետ կերպով իրականացնում ենք Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները եւ մեր բարեփոխումների վերաբերյալ ստացել ենք մեր եվրոպացի գործընկերների դրական գնահատականները: ԵՄ-ի հետ մեկնարկել են Խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ պաշտոնական բանակցությունները: Մենք մտադիր ենք այդ ուղղությամբ բանակցային գործընթացն ամբողջությամբ ավարտել 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եւ պատրաստ լինել ստորագրելու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը մեզ համար ունի էական նշանակություն»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի այս ռազմավարությունը և բարեփոխումները հնարավորություն կտան էապես բարձրացնել մեր երկրում կյանքի որակը: «Մեր թիվ մեկ քաղաքական և տնտեսական խնդիրը միջին խավի ձևավորումն է: Ցավոք, դեռևս մեծ է մեր հասարակության բեւեռվածությունը և դեռևս մեզ չի հաջողվել լուծել աղքատության խնդիրը: Ճգնաժամն էլ իր հերթին առաջինը հարված է հասցնում անապահով խավերին և մենք ստիպված ենք պետական բյուջեից ավելացնել նրանց սոցիալական հատկացումները:

Այսինքն, աղքատության հաղթահարումը մեզ համար ունի էական նշանակություն: Մենք այդ ռազմավարությունն իրականացնում ենք նաև աջակցություն ցուցաբերելով Փոքր և միջին բիզնեսին՝ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ: Այդ նպատակով վարչապետի գլխավորությամբ, Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ձևավորել ենք Ազգային խորհուրդ, որտեղ էլ  քննարկում ենք և փորձում գտնել առկա խնդիրների լուծումները»,- ասել է նա:

Խոսելով Հայաստանում ազատ մրցակցության ապահովման հարցում խնդիրների առկայության մասին, ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ այդ հարցում  ԵՄ-ի հետ համագործակցությամբ կատարվում են արմատական քայլեր:

«Մեր խնդիրն է տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, թափանցիկ դարձնել պետական գործիչների գործունեությունը, հասարակությանը հասանելի դարձնել վերջիններիս եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը: Այդպիսի արմատական փոփոխություններ տարբեր իրավական նորմերի ընդունմամբ եւ այլ գործողություններով մենք արդեն իսկ կատարել ենք, եւ կարծում եմ, դրանք մեր բարեփոխումների նոր սկիզբն են»:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ-ին ներկայացրել է 31 ուղղություններով բարեփոխումների նոր օրակարգը, որոնք վերաբերում են  դատական մարմինների, մարդու իրավունքների բնագավառներին, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը և այլն:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանի դիտարկմանը, ըստ որի՝ Հայաստանը և Թուրքիան պետք է առաջ շարժվեն նայելով ապագային, վարչապետ Սարգսյանը նշել է.

«Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները: Հույս ունեմ, որ Դուք Ձեր այդ մոտեցումը կկարողանաք տարածել Թուրքիայում, որպեսզի թուրք  ժողովուրդը կիսի Ձեր տեսակետն առ այն, որ կարելի է հենց այսօր էլ, նայելով դեպի ապագան, Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պարզապես պետք է դրսեւորել քաղաքական կամք: Մենք այդ քաղաքական կամքը դրսևորել ենք»:

Տեսանյութեր

Լրահոս