Մարդասպանին ազատելը կարող է ընկալվել իբրեւ սատարում էթնիկ բռնությանը. Amnesty International
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած Ադրբեջանի կառավարության գործողությունները «կարող են ընկալվել իբրեւ սատարում էթնիկ շարժառիթներով բռնությանը»։
«Սաֆարովը, որը, իր իսկ խոստովանությամբ, մեկ այլ մարդու գլխատել է նաեւ այն պատճառով, որ նա հայ էր, ուրբաթ օրը բանտից դուրս գալուց հետո ներման, ապա զինվորական ավելի բարձր` մայորի կոչման արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից», – ընդգծում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին իր պաշտոնական կայքէջում տեղադրած հայտարարությունում` շարունակելով. – «Ներում շնորհելով, ապա եւ առաջ քաշելով Ռամիլ Սաֆարովին` նախագահ Ալիեւը ադրբեջանցիներին ազդակ հղեց, որ հայերի դեմ բռնությունը ոչ միայն ընդունելի է, այլեւ պարգեւատրվում է»։
Amnesty International-ի համոզմամբ` Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Սաֆարովին շնորհված արտոնությունները եւ հրապարակավ դատապարտի էթնիկ հողի վրա բռնությունը, իսկ «Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է հստակեցնի, որ վրեժխնդրությունը ընդդեմ էթնիկ ադրբեջանցիների անընդունելի է»։