
Պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան 3 մշտական հանձնաժողովի անդամ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 7-ին քննարկել է պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի և Դավիթ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը քննարկման է ներկայացրել Դավիթ Հարությունյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրինագծով հեղինակներն առաջարկում են ԱԺ կանոնակարգի 25-րդ հոդվածի 6.1-րդ մասում ամրագրել դրույթ, ըստ որի` եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ:
Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովի որոշմամբ` օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո 24 ժամվա ընթացքում: