ԲՀԿ-ի դեմ գործ կհարուցվի՞ «իմանալ`չհայտնելու» համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակնհայտորեն լարված օրեր է ապրում: Դժվար է ասել` ո՞րն է պատճառը` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին աջակցություն հայտնելու մասին հայտարարությո՞ւնը, ԲՀԿ-ի «հարազատ կուսակցություն» լինելու մասին ակնա՞րկը, թե՞ կուլիսային գործընթացներում կատարված մեկ այլ երևույթ, որի մասին հանրությունն առայժմ տեղյակ չէ:

Այսօր այդ կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որով պատասխանել է «Իրատես դե ֆակտո» թերթում հրապարակված մի հոդվածի: Հոդվածում, ընդհանուր առմամբ, գրված են ինչ-որ բաներ, որով, ըստ ԲՀԿ մամլո խոսնակի, Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու վարկանիշը խարխլելու փորձեր են արվել: Տ. Ուրիխանյանը պատասխանել է, սակայն, ոչ թե թերթին, այլ, իր գնահատմամբ, այդ լրատվամիջոցի «գաղափարական և ֆինանսական հայրեր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Ֆլեշի Բեգլարյան Բարսեղին»։

Խնդիրը, սակայն, ոչ այդ լրատվամիջոցի հրապարակման կամ դրա հովանավորների մասին տեղեկությունների իսկությունն է, ոչ էլ ԲՀԿ-ի ու առանձին վերցրած անհատների հարաբերությունները: Խնդիրը Տ. Ուրիխանյանի հայտարարության մեջ ներկայացված սպառնալիքներն են, որոնք նա, այսինքն` ԲՀԿ-ն, ուղղել է Տիգրան Սարգսյանին ու Բարսեղ Բեգլարյանին:

«Եթե այդ երկյակը չհանգստանա ու շարունակի տառապել Ծառուկյանի հեղինակությամբ և վարկանիշով, ապա կարծում եմ, ժամանակն է, որ մեր հանրությունը ևս տեղեկանա այն ամենին, ինչի մասին ամեն օր խոսում են քաղաքական կուլիսներում՝ առ այն, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը և մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն «շահելու» այս կամ այն տենդերը, թե ինչպես հենց այս պահին Տիգրան Սարգսյանի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակներ` գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է հէկ կառուցել, շատ ավելի բաց և հրապարակային կխոսենք «Նաիրիտի» էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված և մեր ժողովրդին տևական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների և շատ ու շատ այլ բաների մասին»,- հայտարարել է Ուրիխանյանը։

Այն, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն է տնտեսությունը հասցրել նման խայտառակ վիճակի, որ նրա մերձավորները արտոնյալ պայմաններ ունեն իրենց բիզնեսներում (նույն Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունն ընդամենը վերջերս շահեց Պաշտպանության նախարարությանը բենզին մատակարարելու մրցույթը), նորություն չէ: Այդ մասին մամուլում հարյուրավոր հրապարակումներ են եղել, դրա վերաբերյալ ահազանգել են ոչ կոնյունկտուրային ընդդիմություն համարվող մի շարք գործիչներ, փորձագետներ:

Սակայն այս հարցում ԲՀԿ-ի պահվածքը տարօրինակ է ու «երկակի չափանիշների» դրսևորման դասական օրինակ: Նախ` նույն Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության կազմում ԲՀԿ-ն 4 նախարար, բազմաթիվ փոխնախարարներ, մարզպետներ ու փոխմարզպետներ է ունեցել: Այդ ընթացքում, չհաշված մանր «կսմիթները», ԲՀԿ-ն առանձնապես չի ահազանգել երկիրը կործանման տանող վարչապետի ու կառավարության մասին: Իսկ ԲՀԿ-ականների կողմից այսօր հնչող այն հայտարարությունները, թե իրենք միշտ էլ դեմ են եղել Տ. Սարգսյանի վարչապետությանը, ծիծաղելի են:

Եթե դեմ էիք, ինչո՞ւ հետ չէիք կանչում ձեր նախարարներին ու մնացած պաշտոնյաներին: Սակայն դա հարցի մի կողմն է միայն:

Տ. Ուրիխանյանի այսօրվա հայտարարություններում առնվազն մի քանի «դրվագներով» լուրջ հանցակազմեր պարունակող մեղադրանքներ են հնչում: Ավելի ճիշտ` ԲՀԿ մամլո խոսնակը Տ. Սարգսյանին ու նրա մերձավորներին սպառնում է մեղադրել քրեական պատասխանատվություն ենթադրող մի շարք ծանր հանցագործությունների, պետությանը լուրջ վնաս հասցնող արարքների մեջ: Ընդ որում, նրա հայտարարության տոնից ակնհայտ է, որ մատնանշված «գործերով»  իրենք բազմաթիվ ապացույցներ ունեն: Սակայն Տ. Ուրիխանյանը ոչ թե հրապարակում է դրանք, այլ շանտաժ է անում` ասելով. «Հանգիստ թողնել Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը, այլապես կհրապարակենք»:

Ի՞նչ է նշանակում՝ «շատ ավելի բաց և հրապարակային կխոսենք «Նաիրիտի» էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված և մեր ժողովրդին տևական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների և շատ ու շատ այլ բաների մասին»:

Նախ` Քրեական օրենսգրքով, ինչպես հայտնի է, «իմանալ` չհայտնելու» համար ևս պատասխանատվություն է նախատեսվում: Բոլոր դեպքերում, կատարվածի մեջ կա իրավական լուրջ բաղադրիչ, և այս հայտարարությունը պետք է որ իրավական հետևանք ունենա: Կամ` Ուրիխանյանի հայտարարություններն իրավապահ մարմինները պետք է ընդունեն որպես հաղորդում և քրեական գործ կամ գործեր հարուցեն, կամ՝ Տիգրան Սարգսյանն ու նրա շրջապատը պետք է դատի տան Ուրիխանյանին` զրպարտության համար:

Սակայն կա հարցի նաև քաղաքական ու բարոյական կողմը: ԲՀԿ-ն ԱԺ-ում թվաքանակով  երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությունն է, ամեն օր հայտարարում է «ստացած 500 հազար ձայների ու ժողովրդի վստահության մասին»: Իրականում «Ժողովրդի մասին մտածող» ուժը վարչապետի ու նրա մերձավորների մասին նման տեղեկությունները պետք է հրապարակեր օր առաջ, ամեն ինչ աներ նրան պաշտոնանկության և պատասխանատվության ենթարկելու համար:

Մինչդեռ, Ուրիխանյանի  հայտարարությունից պարզ է դառնում, որ ԲՀԿ-ն Տիգրան Սարգսյանի դեմ «կոմպրոմատների» թղթապանակ է կազմել, որը, սակայն, չի շտապում հրապարակել և ընդամենն օգտագործում է քաղաքական առևտրում համապատասխան դիվիդենտներ ստանալու համար:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս