Ստեփանակերտի նոր օդանավակայանի բացման շուրջ անորոշ ձևակերպումներ են հնչում
Նորաստեղծ կոմիտեին, որ կգլխավորի ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետը, հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում գործադիրի հաստատմանը ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը, իսկ մեկամսյա ժամկետում` օդային փոխադրամիջոցներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը:
Իսկ նիստից հետո վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե ե՞րբ է լինելու թռիչքը Ստեփանակերտի օդանավակայանից եւ ինչո՞ւմն է ձգձգման պատճառը, Արա Հարությունյանը հնչեցրել է ավանդական պատասխանը՝ «շուտով»։
«Օդանավակայանի շահագործման հետ կապված որեւէ խնդիր չունենք. ունենք կառուցված օդանավակայան, նավիգացիոն ժամանակակից համակարգ, ձեռք է բերվել օդանավ, վերապատրաստվել են օդաչուները»,-նշել է նա՝ հավելելով, որ խնդիրը ոչ թե քաղաքական անվտանգության, այլ մասնագետների պատրաստվածության մեջ է։ Վերջում վարչապետը համոզմունք է հայտնել, որ թռիչքը կլինի շատ շուտով։