«Նրանց նպատակը, հավանաբար, ինձ ու Գագիկ Ծառուկյանին կռվացնելն է»
«Ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ բացասական տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ, «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը` անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանն ու Տիգրան Սարգսյանը հստակ խնդիր ունեն՝ փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և որ այդ խնդիրը լուծելու համար նրանք որևէ միջոցի առջև՝ լինի դա բարոյական, թե նյութական, կանգ չեն առնում»:
«Ես որևէ մեկնաբանություն չունեմ: Ես Գագիկ Ծառուկյանի հետ շատ ջերմ, բարեկամական հարաբերությունների մեջ եմ և երբեք ինձ թույլ չեմ տա նման արարք անել: Իսկ թե որտեղի՞ց է վերցրել Ուրիխանյանը նման մտքեր, դա արդեն իր խնդիրն է: Կարծում եմ, այստեղ թյուրիմացություն է տեղի ունեցել ու չգիտես ինչ-ինչ պատճառներով այդ միջադեպն իմ անվան հետ են կապում: Կրկնում եմ, որ ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ բացասական տեսանկյունից»,- նշեց Բեգլարյանը:
Մեր դիտարկանը, թե հայտարարության մեջ նաև ասված է, թե «այս ամենը ինչ-որ տեղ տրամաբանական է, քանի որ երկրի տնտեսությունը քանդելուց հետո պետք է շեղել հասարակական տրամադրությունները», Բարսեղ Բեգլարյանն ընդգծեց.
«Չգիտեմ՝ ո՞ր հոդվածի առիթով են հնչել նման մեկնաբանություններն ու ո՞վ է այս ամենի պատվիրատուն, բայց հավաստիացնում եմ, որ ես Գ. Ծառուկյանի հասցեին երբևէ վիրավորական կամ հերյուրանքի խոսքեր չեմ հնչեցնի: Նրանց նպատակը, հավանաբար, ինձ ու Գագիկ Ծառուկյանին կռվացնելն է, բայց, ուզում եմ հիասթափեցնել, ու ասել, որ դա իրենց չի հաջողվի»:
Նշենք, որ շուտով կլինի նաև «Ֆլեշ» ՍՊԸ-ի մամուլի հաղորդագրությունն այս թեմայով: