Նալբանդյանը Իրաքի փոխվարչապետի հետ քննարկել է մերձավորարևելյան իրավիճակը

Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ փոխվարչապետ Շաուեյսի գլխավորած՝ Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական փոխգործակցությունը, և ընդգծել, որ այցն ունի նաև կարևոր քաղաքական ազդակ: Նախարարը հույս է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել կամրապնդեն հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքի փոխվարչապետը նշել է, որ ինքը տպավորված է այցելության արդյունքներով, որը գնահատում է որպես պատմական: Ռաուշ Նուրի Շաուեյսի խոսքերով իրաքյան պատվիրակության այցի նպատակն է համագործակցության զարգացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումը, հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելը ու գոհունակությամբ ընդգծեց, որ Երևանում կայացած հանդիպումները բավականին արդյունավետ էին:

Իրաքի փոխվարչապետը վերահաստատել է իր կառավարության որոշումը Երևանում դեսպանատուն բացելու վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրաքյան տնտեսական, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, գիտության, արդյունաբերության, մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը կարևորվել է նաև իրաքահայ համայնքի դերը երկու ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

Իրաքի փոխվարչապետը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է իր երկրում կայունության, ներպետական համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Նախարար Նալբանդյանն ու փոխվարչապետ Շաուեյսը մտքեր է փոխանակել Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս