«ԱԺ-ն համարձակություն չունեցավ շարունակել նախագահի բարձր նոտան»
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռ. Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումը քաղաքական ու բարոյական առումով, ինչպես նաև միջագային իրավունքի տեսանկյունից, տգեղ երևույթ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Այն ինչ կատարվեց չի մտնում մարդկային տարրական նորմերի շրջանակում: Բայց, կարծում եմ, որ բարոյական գնահատականներ տալուց հետո պետք է կարճ ժամանակում անցնենք գործանական քայլերի: Սա անհատի հետ կապված սովորական իրավիճակ չէ, այլ երևույթ, որը կոչվում է ռասիզմ, հայաթափություն, ազգային անվտանգություն: Ըստ էության, այն ինչ կատարվեց Բաքվում, ցույց է տալիս, որ ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք թշնամական գործելաոճ ու գնահատական ցույց տվող պետություն, որը սպառնում է հայերի ֆիզիկական գոյությանը: Այդ քաղականության շարունակությամբ պետք է հասկանանք, որ Հայաստանը չպետք է հավատա որևէ խոսքի, անկախ նրանից՝ ով կասի այդ խոսքը, և իր ֆիզիկական գոյության պահպանության հարցը բացառապես դիտարկի որպես իր խնդիր»,- նշեց նա:
Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ ինքը համամիտ է նախագահ Ս. Սարգսյանի հայտարարությանն ու հայկական կողմի իրականացրած հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների կասեման փաստին: «Դիվանագիտական հարաբերությունների կասեցումը համարժեք պատասխան էր ստեղծված իրավիճակում: Այն բարձր նոտան, որ վերցրեց նախագահը պետք է շարունակեր նաև ԱԺ-ն, բայց նման հայտարարություն, ինչպես տեսանք, չարվեց՝ համարձակության պակասի պատճառով: Սրա պատճառն, ըստ իս, այն է, որ պառլամենտական համակարգը մեզ մոտ լավ կայացած չէ»,- շեշտեց նա՝ կարծիք հայտնելով, որ ԱԺ-ն պետք է իր օրակարգում ավելացներ ԼՂՀ հարցի քննարկումն ու հնարավորություն ստեղծեր պաշտպանել ազգային շահը:
Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է ռազմական դաշինք կնքեր Արցախի հետ ու շարունակեր պահպանել ազգային շահը:
Բանախոսը եզրափակելով իր խոսքը՝ ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը ամբողջությամբ համապատասխանում է պատերազմական գործողություններին, առավել ևս, երբ տեսնում ենք, թե ինչ տեղեկատվական պատերազմում ենք այս պահին գտնվում: