Քվեբեկի հրաձիգին մեղադրանք է առաջադրվել
Քվեբեկում անջատողականների կուսակցական համագումարի ժամանակ կրակ բացած Ռիչարդ Բեյնին սեպտեմբերի 6-ին Մոնրեալի դատարանում մեղադրանք է ներկայացվել կանխամտածված սպանության և մահափորձի մեջ:
Ինչպես հաղորդում է AFP-ն, լսումները նշանակված են հոկտեմբերի 1-ին: Սպանությունից և մահափորձից բացի՝ նա մեղադրվում է անօրինական զենք պահելու մեջ. բացի ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերված զենքից, 3 ատրճանակ հայտնաբերվել են նրա մեքենայում, և ավելի քան 10-ը՝ տանը: Reuters-ի տվյալներով՝ մեքենայում եղել է 5 ատրճանակ, տանը՝ ավելի քան 20:
Բեյնը կրակ էր բացել անջատողականների կուսակցության համագումարում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Մոնրեալում (Քվբեք մարզ): Տղամարդը կրակել էր այն պահին, երբ կուսակցության առաջնորդ Պոլին Մարուան բեմից ելույթ էր ունենում՝ նվիրված ընտրութուններում անջատողականների հաղթանակին: Հրաձգությունը տեղի է ունեցել ոչ թե հենց շենքում, որում տեղի էր ունենում համագումարը, այլ դրա դիմաց: Դրա հետևանքով մեկ մարդ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Ձերբակալության ժամանակ Բեյնը եղել է բաղնիքի խալաթով և բղավել է. «Անգլիացիներն արթնացել են»: Հենց այդ պահին Մարուան խոսքում իր աջակցությունն էր հայտնում Քվեբեկի անգլիախոս բնակչությանը:
Բեյնը տեղի անգլիախոս գործարար է եղել և 2009 թ. բիզնես էր վարում Քվեբեկում: Նրա հարևանների խոսքերով՝ նա լավ գիտեր ֆրանսերեն և հանգիստ կարողանում էր իր գործերը վարել այդ լեզվով: Ըստ հարևանների՝ նրա վարքում ոչ մի բան չի եղել, որը հնարավորություն տար ենթադրել կրակ բացելու նրա մտադրության մասին: Սակայն նրանց խոսքերով՝ նա «մի փոքր էքսցենտրիկ էր»: Բեյնի արարքի դրդապատճառները մնում են անհայտ:
Քվեբեկի անջատողականների կուսակցությունը, որը հանդես է գալիս Քվեբեկի անկախության օգտին, սեպտեմբերի 4-ին հաղթել է Ազգային ժողովի ընտրություններում՝ ստանալով խորհրդարանի տեղերի 46 տոկոսը: Քվեբեկի Լիբերալ կուսակցությունը, որը վերջին 10 տարիներին իշխող կուսակցություն էր մարզում, ստացել է ընդամենը 39 տեղ: