«Բանակցային գործընթացից հրաժարվելը դեմարշ է ոչ թե Ադրբեջանի, այլ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի նկատմամբ»
Հայ ազգային կոնգրեսն ինչպիսի՞ վերաբերմունք ունի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանում տարբեր հայտնի գործիչների կողմից բարձրացվող հարցին` հրաժարվել Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններից և Հայաստանի կողմից ճանաչել ԼՂՀ անկախությունը:
ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես կարծում եմ` դա ձեռնոցնետում է Մինսկի խմբի եռանախագահությանը, դա բանակցային գործընթացի ձախողման հիմք կարող է հանդիսանալ: Հայաստանն իրավունք չունի ձեռնոց նետել ամբողջ աշխարհին: Բանակցային գործընթաց է գնում, դրանով դու չես կարող նպաստել Ղարաբաղի հարցի լուծմանը: Ղարաբաղյան բանակցությունները միայն Ադրբեջանի հետ չեն: Այսօր ղարաբաղյան բանակցային գործընթացն իրականացնում է Մինսկի խմբի եռանախագահությունը`ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան: Եվ քո այդ քայլը դեմարշ է ոչ թե Ադրբեջանի, այլ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նկատմամբ, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այսինքն` Մինսկի խմբին ձեռնոց նետելն ադեկվատ չէ այն քայլի նկատմամբ, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում»:
Հարցին էլ, թե՝ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի «գործարքը» Հունգարիայի հետ սադրա՞նք էր՝ վիժեցնելու խաղաղ բանակցությունների գործընթացը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Վստահ չեմ, բայց բոլոր դեպքերում այն կարող է վնասել բանակցային գործընթացին, և մենք դիմել ենք Հայաստանի քաղաքական ուժերին՝ տուրք չտալ զգացմունքային ելույթներին և չհրաժարվել այդ գործընթացից:
Վերջին հաշվով, եթե բանակցային գործընթացը ձախողվեց, Ղարաբաղի հարցի լուծման օրն ավելի հեռացավ, դա վնասելու է և՛ Հայաստանին, և՛ Լեռնային Ղարաբաղին, և՛ Ադրբեջանին: Մասնավորապես` ես նկատի ունեմ արտագաղթը, ներքին լարվածությունը: Ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ղարաբաղի ժողովրդին ձեռնտու չէ լարված իրավիճակում ապրելը և էսկալացիան շարունակելը: Մեծ մարտահրավերներ կան, և Հայաստանն այդ մարտահրավերների լուծումից ելնելո՛վ պետք է քայլեր կատարի, ոչ թե՝ այդ սպանությունից: Սպանությունը դատապարտվել է, մենք կողմ ենք քվեարկել, և այն ամենն, ինչ արվել է, մենք համարում ենք ճիշտ, բայց դրանից ավելին անելը և բանակցային գործընթացից դուրս գալը մենք համարում ենք ոչ ճիշտ»:
Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 5-ին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարել էր, որ Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգությունը, Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեին բոլոր զարգացումները և տիրապետեին այդ գործարքի նախապատրաստմանը վերաբերող ողջ տեղեկատվությանը, և տիրապետելով այդ տեղեկատվությանը, օգտագործելով բոլոր դիվանագիտական լծակները, նրանք կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեին՝ խնդիրը հրապարակավ բարձրացնելով ինչպես՝ Հունգարիայի իշխանությունների, այնպես էլ` Մինսկի խմբի համանախագահ երկրների, Եվրոպական Միության և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների առջև: «Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ինչքան էլ դա դժվար է, զերծ մնալ էմոցիոնալ, քաղաքականապես չհաշվարկված քայլերից: Հայաստանը պետք է կտրուկ և կոշտ քայլեր ձեռնարկի, բայց պետք է զերծ մնա որևէ քայլից, որը կվնասի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգությանը և միջազգային վարկին: Եթե Ադրբեջանն ընտրել է բանակցային գործընթացի տապալման ճանապարհը, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը պահանջում են ամեն բան անել, որ միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահ երկրների համար դրա միակ պատասխանատուն լինի Ադրբեջանը: Ուստի Հայաստանը պետք է զերծ մնա որևէ քայլից, որն ուղղակիորեն վնասում է բանակցային գործընթացին»,- ասել էր նա: