Բաժիններ՝

Բարձունքի խորխորատներում

Գյուղատնտեսական ակտիվ տարին ավարտվում է: Այսինքն` գյուղմթերքների հիմնական մասի գները սկսել են աճել: Եվ սա բնական է: Բնական է նաև այն, որ մեր տնտեսական պաշտոնական տեղեկատվության մեջ ողբի հնչերանգներ են հայտնվել: Ամեն տարվա նման: Պաշտոնական տնտեսական տեղեկատվության «սիրելի» ժամանակահատվածը մայիս-օգոստոս ամիսներն են:

Այդ շրջանում տնտեսությունը կառավարող բոլոր չինովնիկները, հասարակական հաշվետվություններ հրապարակող գերատեսչություններն առանձնակի խանդավառված են: Իրար հերթ չտալով` նրանք ամեն շաբաթ պարենային մթերքների գնանկման մասին են «զեկուցում»: Խոսքը, բնականաբար, տեղական արտադրության գյուղմթերքների գնի մասին է: Բայց ահա օգոստոսից սկսվում է հակառակ գործընթացը: Հակառակի պես էլ բյուջեի մասին օրենքով ամեն տարի գնաճի թույլատրելի չափանիշ է հայտարարվում (այս տարի էլ, նախորդի նման` առավելագույնը 5,5 տոկոսն է): Գնաճի համար միակ «պատասխանատու» մարմինը Կենտրոնական բանկն է:

Հենց այս կառույցն էլ համաշխարհային լրատվությունից առաջ ընկնելով` հայտարարեց, որ համաշխարհային շուկայում հացամթերքի 35 տոկոսանոց գնաճ է սպասվում: Հայտարարեց ու շտապեց սպառողներիս մխիթարել, որ Հայաստանում այն ընդամենը 5 տոկոսանոց է լինելու: Սրսուռ է: Հայաստանից դուրս հացամթերքը 7 անգամից ավելի է թանկանում: Ցավոք, մեզ չբացատրեցին, թե տնտեսական ինչ մեթոդներով է դա հնարավոր: Տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ մինչ այս` սպասվող գնաճը մեր արտադրողներն արդեն թանկացրել էին հացամթերքի գինը: Իսկապես էլ վերջին` հացի 10 դրամանոց թանկացումից դեռ մի ամիս էլ չի անցել: Մերոնք, փաստորեն, կանխազգում էին համաշխարհային գնաճը:

Կանխազգում էին ու դեռ մեկ ամիս առաջ սկսեցին հացի գնի «սահուն» բարձրացման գործընթացը: Մինչդեռ ՄԱԿ-ի Գյուղատնտեսության ու պարենի կազմակերպությունը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և Պարենի համաշխարհային ծրագիրը միայն այս շաբաթ հայտարարեցին հնարավոր թանկացումների մասին: 2007-08 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը հենց այս կազմակերպությունների նմանատիպ հայտարարության հետ «համընկավ»: Հետևաբար` հաց ներմուծող երկրներին ծանր ժամանակներ են սպասվում: Ասածից չի կարելի եզրակացնել, որ դա մեզ էլ կվերաբերի: Հայաստանն, իհարկե, հացահատիկ ներմուծող երկիր է, բայց մեր տնտեսական ղեկավարությունն արդեն հաշվարկել է, որ արտաքին շուկայի 35 տոկոսանոց աճը 7 անգամից ցածր ազդեցություն է ունենալու մեր ներքին գների վրա: Ավելին, նույնիսկ արդեն հաշվարկված է, որ հացամթերքի 5 տոկոսանոց գնաճն ընդամենը կես տոկոսի չափով է ազդելու մեր շուկայի գնաճի վրա:

Ու թարսի պես` այս ամենը համընկավ աշնան սկզբի հետ, երբ բնակլիմայական ու տնտեսական բոլոր կանոններով սկսվում է տեղական գյուղմթերքների թանկացման շրջանը: Հայրենի վիճակագիրներն, իհարկե, հնար կգտնեն գնաճն օրենքով նախատեսվածի շրջանակում պահելու համար: Խոսքը, բնականաբար, հաշվետվություններում արձանագրվող, ոչ թե իրական գնաճի մասին է:
Հռոմի ժամանակներից է հայտնի «Տանը կատարած հաշվարկները շուկայում չեն անցնում» ասացվածքը: Հատկապես, որ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ հուլիսին հասարակությանը տեղեկացրեց (թե՞ զգուշացրեց), որ տեսանելի ապագայում ԵՄ սպառողական գների ինդեքս է ներդնելու Հայաստանում:

«Տվյալների հավաքագրման փոփոխությունների մեծ մասի մեկնարկը տեղի կունենա 2013 թվականի սկզբին, մինչդեռ սպառողական ապրանքների և ծառայությունների վերադասակարգումն արդեն իսկ ընթացքի մեջ է»,- տեղեկացնում է (կամ զգուշացնում) Վիճակագրական ծառայությունը: Հետևաբար` նկարվող-արձանագրվող գնաճի մասին անհանգստանալ պետք չէ: Նոր մեթոդաբանությունը նոր հնարավորություն կտա: Ցածր գնաճ արձանագրելու հնարավորություն:

Իսկ սպառողին մնում է համակերպվել իրական գնաճի հետ: ԿԲ-ի, մյուս գերատեսչությունների, նույնիսկ ՄԱԿ-ի նման հեղինակավոր կազմակերպությունների սպասում-վերլուծությունները հարկավոր է ընկալել` որպես հասարակական տրամադրությունների նախապատրաստական գործընթաց: Վերջին տարիների մեր տնտեսական կենսափորձն ապացուցում է, որ գնաճը բնական աղետների պես անկանխատեսելի է: Անկանխատեսելի է, բայց նաև` հարաճուն ու պարտադիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս