
2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումը սկսված է

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը։ ՀՀ հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվել է մեկ շաբաթվա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ ՀՀ 2013թ. պետբյուջեի օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ։
Որոշվել է ս.թ. սեպտեմբերի 10-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները։
ՀՀ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի կատարման ժամկետի փոփոխմամբ կառավարությունը սահմանել է, որ ոլորտի օրենսդրական փոփոխությունների կատարումից հետո ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը և մյուս շահագրգիռ պետական մարմինները կմշակեն և կտպագրեն անձնավորված հաշվառման համակարգին համապատասխանող հանրամատչելի տեղեկատվական գրքույկներ, համակարգչային ծրագրի ուսումնական ձեռնարկներ։
Կառավարությունն ընդունել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացման որոշում, որի համաձայն՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների սեփականությունը հանդիսացող ավելի քան 139 մլն դրամ ընդհանուր արժեքով գազատարները նվիրաբերվելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։
Վերը նշված գույքով վճարվելու է ընկերության կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար մատչելի վարկերի տրամադրման ժամկետը։ 2012թ. անցած ժամանակամիջոցում այդ նպատակին հատկացվել է շուրջ 7.5 մլրդ դրամի վարկային միջոց, որից օգտվել է ավելի քան 9 հազար վարկառու։ Վարկավորման երկրորդ փուլում նույնպես կհամալրվեն տնտեսվարողների շրջանառու միջոցները, կավելանա գյուղատնտեսական մթերքների համախառն արտադրությունը, կմեծանա արտադրության արդյունավետությունը: