Ծերացող բնակչություն չունենալու համար ծերությունը գայթակղիչ են դարձրել

Վերջին  տարիներին մշտապես հնչող ահազանգերին ու մասնագետների իրավիճակային վերլուծություններին վերջապես ականջալուր է եղել ՀՀ կառավարությունը: Հասկացել են, որ ունենք ահազանգող ժողովրդագրություն, բնակչությունը ծերանում է, իսկ երիտասարդ ներուժն ուղիղ ճանապարհով շտապում է դեպի օդանավակայան, հետևաբար՝ Հայաստանի ապագան «իրացվում» է օտար պետություններում, իսկ տեղում մնում է ծերացող ազգաբնակչությունը, որը, բնականաբար, շատ մեծ ցանկության դեպքում էլ` չի կարող զարգացնել տնտեսություն, գիտություն, մշակույթ, կամ մրցունակ լինել որևէ ասպարեզում:

Լավագույն դեպքում՝ ծերացող ազգաբնակչությունը կարող է լինել գիտելիքը, արհեստը փոխանցող, բայց, քանի որ ուսանել ցանկացողները կամ արդեն մասնագիտացած մարդը տեղափոխվում է արտերկիր, ուրեմն… Ուրեմն` վերջապես ՀՀ կառավարությունն ականջալուր է եղել մասնագետների, միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններին, փորձագիտական խմբերի  ահազանգերին և հավանություն է տվել Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը, որը նախատեսված է 2012-2016թթ. համար:

Ընդ որում` ռազմավարության գլխավոր նպատակը լինելու է միասնական և համակարգված քաղաքականության մշակման արդյունքում հավասար հնարավորությունների ստեղծումը հասարակության բոլոր տարիքի մարդկանց համար, և կյանքի արժանապատիվ պայմաններ` տարեց մարդկանց համար:  Տարեցների հիմնահարցերի ոլորտը կանոնակարգելու ծրագրում նշվում է, որ հանրապետությունում 63-ից բարձր տարիքի 376.000 մարդկանց սոցիալ-տնտեսական, բժշկահոգեբանական, ինչպես նաև նրանց շահերի ու իրավունքների պաշտպանության խնդիրներ կա:

Այսպիսով, համաձայն Տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարական ծրագրի` առաջիկայում նախատեսվում է ստեղծել պայմաններ, որպեսզի տարեցները հանդես գան՝ որպես տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացի ակտիվ մասնակիցներ և իրագործողներ: Լիարժեք պայմաններ են ստեղծվելու, որպեսզի տարեց անձինք մասնակցեն քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային գործունեությանը:

Կառավարությունը նպատակ է դրել` պահպանել տարեցների առողջությունը և ապահովել բարեկեցիկ պայմաններ: Տարեց անձանց համար ստեղծել խրախուսող և նպաստավոր միջավայր` անհրաժեշտ բնակարանային պայմաններ, իրականացնել առողջապահական, բնապահպանական և այլ ծրագրեր, որպեսզի նույնիսկ ամենատարեցները հնարավորություն ունենան ապրել ինքնուրույն, բացառել խտրականությունն ու բռնությունը նրանց նկատմամբ:

Մի խոսքով` ռազմավարական ծրագիրն այնքան լայնածավալ է, որ տարեցների համար նախատեսված բարեփոխումները խոստումնալից, բայց միևնույն ժամանակ՝ թղթի վրա գրված «ճոռոմ» խոսքեր են, որտեղ, սակայն, այդպես էլ չգտանք տարեցների կենսաթոշակը սպառողական զամբյուղին համահունչ դարձնելու վերաբերյալ տողը:

Միայն նշված է, որ 2010-ից ՀՀ կառավարությունը նախաձեռնել և փուլառփուլ իրականացնում է կենսաթոշակային բարեփոխումներ: Ստացվում է, որ տարեցների կյանքի որակը ցածր է զուտ հասարակական` բնապահպանական, մշակութային ակտիվ կյանքով չզբաղվելու հետևանքով: Ուստի` ՀՀ կառավարությունը որոշել է տարեցների կյանքի որակի բարելավման ռազմավարության շրջանակներում նույն թշվառ կենսաթոշակով ապրող տարեցներին տանել մի օր՝ կինո, մի օր՝ թատրոն…

Հայաստանը ծերացող երկիր է

Ըստ միջազգայնորեն ընդունված ժողովրդագրական նորմերի, եթե որևէ հասարակության բնակչության 65 և բարձր տարիքի անձանց տեսակարար կշիռը մինչև 8% է, ապա այդ հասարակությունը գնահատվում է՝ որպես երիտասարդ, 10-ի դեպքում` ծերացող, իսկ 12%-ի դեպքում` ծերացած: Համաձայն վիճակագրական տվյալների` Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Առաջիկայում սպասվում է բնակչության կառուցվածքի մեջ տարեցների թվաքանակի աճ, քանի որ կենսաթոշակային տարիք կսկսեն մուտք գործել 1950-ականներին ծնված` գրեթե կրկին անգամ ավելի մեծ թվով անձինք:

Ընդ որում` մասնագետների գնահատմամբ, եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա, ապա ՀՀ բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջև:

Ինչևէ, Կառավարությունն ուշադրությունը հրավիրել է ծերացող ժողովրդագրության վրա, բայց առնվազն տարակուսելի է, որ դրանից բխող հետևանքներից խուսափելու համար, որպես ռազմավարական առաջնահերթություն՝ ընտրել է տարեցների կյանքի որակի բարելավումը: Պարզ է, որ մեր տարեցների կյանքի որակի բարելավման անհրաժեշտությունն օրակարգային խնդիր է: Բայց կապ ունի՞ արդյոք դա ծերացող ժողովրդագրության հետ: Տարեցներին մշակութային, հասարակական կյանքում ներգրավելով՝ արդյո՞ք մեր ժողովրդագրական պատկերը փոխվում է, կամ արդյո՞ք մենք ապահովագրվում ենք արդեն  ծերացած ժողովրդագրություն ունենալու վտանգից:

Ի վերջո, մեր բնակչության երիտասարդ կամ միջին տարիքի հատվածի վերարտադրությունը, որը ծնելիության կամ չարտագաղթելու ճանապարհով պետք է ժողովրդագրական պատկերը փոխի, խթանվում է տարեցների կյանքի որակո՞վ:

 

Տեսանյութեր

Լրահոս