Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցումը Հայաստանին ոչինչ չի տա
«Մենք անտեսում ենք բուն խնդիրը ու Հունգարիայի հետ ծագած խնդիրների վրա ենք սևեռվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին Հունգարիայի որոշմանը:
«Անհասկանալի է՝ ինչո՞ւ է կենտրոնում Հունգարիայի հետ խնդիրը, այն դեպքում, երբ անտեսվում է ԼՂՀ հարցը: Ադրբեջանն ասում է, որ հարցը հնարավոր չէ կապել Արցախի հետ: Եթե հնարավոր չէ, ուրեմն Հայաստանն ինքը պետք է կապի ԼՂՀ բանակցային գործընթացի հետ: Հայաստանը պետք է տեսնի, թե ի՞նչ նոր մոտեցում կարող է ձեռք բերել: Սա պահ է, որ հնարավորություն է տալիս վերանայել բանակցային գործընթացի մոտեցումները և, ի վերջո, հասկանալ՝ հրատապ է Արցախը ճանաչե՞լը, թե՞ ոչ: Եթե այս խնդրի շուրջ կայանա լուրջ դիսկուսիա, շատ ավելի օգտակար կլինի, քան հայ-հունգարական հարաբերություններում անիմաստ պայմաններ դնելը»,- շեշտեց Մ. Սարգսյանը:
Նրա կարծիքով` չնայած բանակցային գործընթացի քննարկման համար ստեղծված լուրջ պահին, ցավոք, ոչինչ այս ուղղությամբ չի արվում:
Անդրադառնալով Հայաստանի հետագա քայլերի վերաբերյալ հնչող տեսակետներին, ըստ որոնց` Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ, քաղաքագետն ասաց, որ դրա կարիքն ինքը չի տեսնում: «Բայց ինչո՞ւ է պետք վերանայել: Ես իմաստ չեմ գտնում: Դա իրավիճակին համապատասխան մոտեցում չէ»,- նշեց նա:
Մ. Սարգսյանը վստահ է, որ հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների կասեցումը Հայաստանին ոչինչ չի տա: «Մեկը ֆեյսբուքում մի հետաքրքիր կարծիք էր հայտնել, որ իրականում Հայաստանը պետք է Հունգարիային միլիարդներ տար, որ նման վիճակ ստեղծվեր, ամեն ինչ այսպես դասավորվեր: Բնականաբար, Հունգարիան մտածված չի ստեղծել այս վիճակը, բայց, այնուամենայնիվ, նպաստավոր պայմանը ստեղծված է»,- նշեց Մ. Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ` այս հարցի վերաբերյալ իշխանությունների կողմից սկզբունքային դիրքորոշում չկա. «Միայն անիմաստ ռեակցիաներ ու արտահայտություններ են արվում: Կատարվում են բաներ, որոնք Հայաստանին փաստի առջև են կանգնեցնում»: