Սերժ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին
Այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչած հայտարարությունները` Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Սամվել Բալասանյանին առաջադրելու վերաբերյալ, բնականաբար, ուրվագծելու են առաջիկա քաղաքական զարգացումները, թերևս, կանխորոշելով նաև 2013 թվականի նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը:
Ամեն ինչ, ըստ էության, թաքնված է Ս. Սարգսյանի` ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ» արտահայտության մեջ: «Ոչ թշնամի» և «ոչ հակառակորդ» կուսակցությունը, բնականաբար, չի կարող թշնամուն և հակառակորդին բնորոշ վարքագիծ դրսևորել նախագահական ընտրություններում: Այս հայտարարությունից հետո եթե անգամ ԲՀԿ-ն ընտրություններից առաջ հանդես գա ամենաարմատական ընդդիմադիրի դիրքերից, միևնույն է՝ հասարակությունը դրան, մեղմ ասած, վերապահումով է մոտենալու:
Ընդհանրապես ընտրություններից առաջ իշխանության կողմից ոչ իշխանական որևէ ուժի հասցեին ուղղված հաճոյախոսությունն այդ ուժին «փչացնելու» հայտնի տեխնոլոգիա է, որից, թերևս, օգտվել է նաև Ս. Սարգսյանը: Սակայն Գյումրիում Ս. Սարգսյանի կողմից հնչած հայտարարությունները, բացի նշված և էլի մի շարք նպատակներից, ունեն ևս մեկ կարևոր նշանակություն. Ս. Սարգսյանը Սամվել Բալասանյանի ու ԲՀԿ-ի մասին արված հայտարարություններով, ըստ էության, պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ վերջինս մայիսի 3-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում անուղղակիորեն ասել էր, որ Հանրապետական կուսակցությունն, ըստ էության, իր «կուսակցություններից մեկն է»:
«Ի՞նչ կապ ունեք «Բարգավաճ Հայաստանի» հետ: Ընդունված է համարել, որ այն Ձեր կուսակցությունն է, հատկապես, եթե հաշվի առնենք Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը» հարցին ի պատասխան՝ Ռ. Քոչարյանն ասել էր. «ԲՀԿ-ն հենց այն կուսակցություններից մեկն է, որի հետ համագործակցել եմ այդ ձևաչափով: Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երևի թե այնտեղ, այլ ոչ թե՝ ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների և մարզպետների մեծամասնությունը»:
«Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու»,- պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն Գյումրիում կայանալիք քաղաքապետի առաջիկա ընտրություններին սատարում ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանի թեկնածությունը և ինչո՞ւ ՀՀԿ-ն հանդես չի գալիս սեփական թեկնածուով, ասել է Ս. Սարգսյանը: Սա, ըստ էության, պատասխան է Ռ. Քոչարյանի` «…այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների և մարզպետների մեծամասնությունը» արտահայտությանը: Այսինքն` Ս. Սարգսյանն ասում է` «Սամվել Բալասանյանն էլ է մերը, նրան պաշտոնապես առաջադրած ԲՀԿ-ն էլ իմ կուսակցություններից մեկն»:
Այլ կերպ ասած, Ս. Սարգսյանը՝ Քոչարյանի տրամաբանությամբ, հակադարձել է` «թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն իմ կուսակցություններն են»: Լայն իմաստով՝ այս հայտարարություններից ոչինչ չի փոխվում` թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն գործող նախագահի և նրա իշխանական համակարգի շահերը սպասարկող քաղաքական ուժերն են: Ե՛վ նախկինում, և՛ այսօր: