
«Իմ դեմքի նկարն ու իր դեմքի նկարը դրեք, տեսեք` ո՞վ ա «պախմելի» կամ «դոպինգի» մեջ»

Քիչ առաջ «Կապանը` կապանցիներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գագիկ Ղահրամանյանը 168.am-ին տեղեկացրեց, որ իրենք դիմել են Կապանի քաղաքապետարան` սեպտեմբերի 7-ին բողոքի ակցիա կազմակերպելու համար:
«Չգիտեմ, միգուցե իրենք իրավական դաշտում ինչ-որ բաներ գտնեն ու չթույլատրեն կազմակերպել ակցիան, բայց չթույլատրելու դեպքում մենք կմտածենք, թե ի՞նչ ենք անելու: Դիմումի մեջ նշել ենք, որ քաղաքի բարոյահոգեբանական վիճակի մասին քննարկում ենք կազմակերպելու բնակիչների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Գ. Ղահրամանյանը: Վերջինիս խոսքով` բողոքի ակցիային իրենք բարձրացնելու են նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի պահանջը:
Ինչ վերաբերում է 168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե «Կապանը` կապանցիներին» նախաձեռնությունը ղեկավարվում է մեկ անձի կողմից, որն ամբողջ կյանքը «պախմելի տակ է», ապա, ի պատասխան, Գ. Ղահրամանյանն ասաց.
«Իմ դեմքի նկարն ու իր դեմքի նկարը դրեք, տեսեք` ո՞վ ա «պախմելի» կամ ինչ-որ «դոպինգների» մեջ: Դա իր գործն է: Եթե մեկ մարդու գործ է, ապա ինչո՞ւ են էսպես խառնվել իրար: Այսինքն` մի հոգի հայտարարում ա, որ քաղաքում մթնոլորտը, իրավիճակը սրված է, և իրենք այդ պատճառով խառնվում են իրա՞ր: Իրենք միանշանակ տեսնում են, որ իրենց ուզած բրեժնևյան ժամանակների սցենարով չի ընթանում, որ իրենց ուզած թեկնածուն պետք է անցնի: Որոշակի խառնվածություն կա, և իրենք չէին սպասում, որ ժողովուրդը կարող է բողոքի ակցիա սկսել` դեմ քվեարկելով միակ թեկնածուին»: