Պետք չէ քավոր-սանիկ, դասարանցի խառնել այս հարցում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, հավանաբար, չորեքշաբթի օրն ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի` Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած, ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ` Հունգարիայի կառավարությանը հանձնելու հարցով: «Քննարկվելու են Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված հարցեր, դրա քաղաքական և իրավական հետևանքները«,- նշեց Հովհ. Սահակյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի լռությունն այս հարցում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մենք կատարել ենք մեր քայլերը: Երկրի նախագահը հավաքել է դեսպաններին` ներկայացնելով խնդիրը, նաև ասել է, որ հայտարարությունը փոխանցեն նաև իրենց կառավարություններին: Այստեղ կարևորն այն է, որ կարողանանք բոլորով համախմբվել և ճիշտ, կազմակերպված քայլեր անել, որպեսզի լուծումն ընկալելի լինի բոլորի համար»: Իսկ հարցին, թե տվյալ դեպքում Հայաստանն ինչ-որ վերաբերմունք պե՞տք է արտահայտի Ռուսաստանի նկատմամբ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Հիմա, այս պահին, մենք ի՞նչ ասենք: Կարծում եմ` խնդիրը, նաև հարցը երբ կմոտենա տրամաբանական ավարտին` կհասկանան, որ այս հարցը լուծվել է կամ չի լուծվել, մենք կունենանք մեր համապատասխան վերաբերմունքը հանցագործի հետ, մեր վերաբերմունքն այն երկրների, պետությունների հետ, թե ով ինչ վերաբերմունք է դրսևորել»:

Իսկ մեր այն դիտարկմանը, թե` ըստ միջազգային մամուլի, Սաֆարովի արտահանձնման գործընթացում մասնակից է եղել նաև Պուտինի ադրբեջանցի դասընկերը, ինչով էլ պայմանավորում են Ռուսաստանի լռությունն այս հարցում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Սա այն հարցն է, որ թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանական կողմը պետք է համախմբվեն, և, ժողովրդի լեզվով ասած` բոլորով խփեն մեկ մեխի: Այստեղ պետք չէ ինչ-որ դասարանցի, քավոր-սանիկ, մեր մենթալիտետին հատուկ ինչ-որ կարծիք հայտնել, եթե ինչ-որ մեկը մասնակցություն է ունեցել, և սա արդեն տեսնում ենք` ըստ դրսի հրապարակումների, հենց այն փաստաթղթերում, որտեղ երևում է, որ պետական մակարդակի ինչ-որ խարդախություններ են գնացել»:

 

Տեսանյութեր

Լրահոս