Apple-ը Samsung-ի դեմ նոր հայցով դիմել է դատարան
Apple ընկերությունը Samsung-ի դեմ նոր հայցով դիմել է դատարան` պահանջելով ԱՄՆ-ում արգելել Samsung-ի որոշ արտադրատեսակների վաճառքը. դրանք են՝ Samsung Galaxy S III, Verizon Galaxy S III, Galaxy Note и Galaxy Note 10.1, որոնց վաճառքը, ըստ Apple ընկերության, պետք է արգելվի՝ պատենտային իրավունքների խախտման պատճառով:
Այս մասին հայտնում է Engadget-ը:
Samsung ընկերությունում արդեն մեկնաբանել են Apple-ի գործողությունները և նշել են, որ iPhone սմարթֆոնների արտադրողը մտադրված փորձում է ոչնչացնել մրցակցությունը և այդպիսով սահմանափակել գնորդների ընտրությունը:
Նշենք, որ ավելի վաղ Apple ընկերությունը կրկին հայցով դիմել է դատարան` այս անգամ պահանջելով արգելել ԱՄՆ-ում Samsung-ի 8 սմարթֆոնների վաճառքը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ըստ աղբյուրի՝ դատարանն այս հայցը կարող է քննել սեպտեմբերի 20-ին:
Խոսքը մասնավորապես Galaxy և Droid սմարթֆոնների մոդելների մասին է: Apple-ի հայցը հիմնված է Samsung-ի կողմից Apple-ի արտոնագրերն ապօրինի օգտագործելն արգելող դատարանի վճռի վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսեի Դաշնային դատարանն ուրբաթ պարտավորեցրել էր Samsung ընկերությանը՝ 1.05 մլրդ դոլար տուգանք վճարել Apple ընկերությանը` վերջինիս արտոնագրերն ապօրինի օգտագործելու համար:
Նշենք, որ այս ամենից հետո, ամերիկյան դատարանում հարավկորեական Samsung ընկերության նկատմամբ վերջերս տարած լիակատար հաղթանակից հետո, Apple ընկերության բաժնետոմսերի գինն ավելացել է 1.9%-ով, իսկ Samsung ընկերության բաժնետոմսերի գինը, ընդհակառակը՝ նվազել է 7.5%-ով: