Հունգարիայի որոշումը մենք որակում ենք՝ որպես կացնային դիվանագիտություն
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշումը մենք որակում ենք՝ որպես կացնային դիվանագիտություն, որը որդեգրվել է Ադրբեջանի կողմից ու, Հունգարիայի հետ մեկտեղ, հանցավոր համաձայնությամբ իրականացվել:
Այս մասին 168.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով` դեպքերի նման զարգացումը մեծ հարված է ԼՂՀ բանակցային գործընթացի ու, առհասարակ, բարոյական, միջազգային նորմերի վրա: «Ադրբեջանի հետ, որտեղ ֆաշիզմը դարձել է պետական գաղափարախոսություն, մենք կարող ենք խոսել միայն մեկ լեզվով՝ հզորացնելով մեր պետությունը, բանակը, տնտեսությունը: Իսկ Սաֆարովին արտահանձնելու կապակցությամբ ես ունեմ փոքր-ինչ տարբերվող տեսակետ: Դա ոչ թե Ադրբեջանի հաղթանակն է, այլ՝ ամենամեծ պարտությունը: Նրանք կուռք, հերոս են դարձնում մի տականքի, հանցագործի, որը քնած մարդ է սպանել: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանական մտավորականներից որևէ մեկը չասաց, որ նա հերոս չէ»,- շեշտեց Բաբայանը:
Նա նաև հավելեց, որ Հունգարիան նպատակ չի ունեցել Հայաստանին ևս մեկ խաղաթուղթ շնորհելու՝ ընդդեմ Ադրբեջանի: Ըստ Բաբայանի՝ դեպքերը զարգացել են պատահականության սկզբունքով: «Հունգարիան մի քայլ է կատարել, որը որևէ ձևով համարժեք չէ միջազգային նորմերին, արևմտյան ժողովրդավարությանը, որին այդքան ձգտում է Բուդապեշտը: Նման քայլով Ադրբեջանը ցույց տվեց, որ ֆաշիզմն ու նացիզմը հասել են գագաթնակետին, որ Ադրբեջանն իրականում թույլ է»,- ասաց ԼՂՀ նախագահի խոսնակը:
Այս փաստը, Դ. Բաբայանի հավաստմամբ, պետք է ներկայացվի միջազգային բոլոր ատյաններում, որպեսզի սրանով բացառվեն նաև նմանատիպ դեպքերը:
Խոսելով ՀՀ ԱԺ արտահերթ նիստի գումարման կարևորության մասին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակն ասաց, որ Արցախում ֆորմալ տեսանկյունից նման անհրաժեշտություն չկա: