
Ադրբեջանը մահմեդականների աջակցության հույսն ունի, սակայն աջակցություն չի լինի. կովկասյան կայք

Հունգարական միջադեպը և ադրբեջանական կողմի՝ հանցագործին ներում շնորհելը ևս մեկ քայլ է հայ և ազերի ժողովուրդների միջև անջրպետի խորացման ուղղությամբ. «Միասնական Կովկաս» երիտասարդական ասամբլեայի կայքում նման գրառում է հրապարակել շարժման անդամ Ռաֆի Աբդուլ Ջաբարը՝ «Քնած մարդու սպանությունը ջիհադ չէ»:
«Ամենագազանաբարո սպանությունը և այն, թե ադրբեջանական պետությունը ինչպես արձագանքեց դրան (մասնավորապես ներում շնորհելով մարդասպանին և «հերոս» կարգելով), խոսում է այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բարեկամական երկխոսության չէ, որ տրամադրված է: Այս ամենը հանգեցնում է Ղարաբաղի երկրորդ պատերազմի մասին մտքին: Կարելի է միայն մի բան ասել. Դրանից ոչ Ադրբեջանը կշահի, ոչ Հայաստանը: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը Կովկասի և Աֆղանստանի մահմեդականների աջակցության հույսն ունի, սակայն, ինձ թվում է՝ աջակցություն չի լինի: Դա պարզ դարձավ Ղարաբաղի հակամարտության նախորդ փորձից, երբ Ադրբեջանի կողքին Հայաստանի դեմ ռազմական գործողություններում չեչեն և աֆղանստանցի մոջահեդներ էին հանդես գալիս: Հեռանալով՝ նրանք ասում էին. «Այն ինչ տեղի է ունենում այստեղ, ջիհադ չէ», – ասված է Ջաբարովի տեքստում:
Ջաբարը նաև գրում է, որ մարդասպանին «հերոս» կարգելու նման գործողությունից հետո ոչ մի ուղղադավան մահմեդական հարկ չի համարի նրանց կողքին կանգնել, քանզի ասված է Ղուրանում. «Նա, ով մի մարդու է սպանել, ընդ որում՝ չպաշտպանելով ոչ իր կյանքը, ոչ ընտանիքը կամ ունեցվածքը, նման է նրան, ով սպանում է համայն մարդկությանը: Իսկական մահմեդականը պետք է դատապարտի, ոչ թե գովաբանի մարդու, այն էլ՝ քնածի սպանությունը», – եզրափակում է հեղինակը: