Ջրաչափ տեղադրելը միայն բաժանորդների պարտականությունը չէ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտան «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու մասին» կառավարության 2004թ. հունվարի 22-ի որոշման մեջ կատարված լրացումներն ու փոփոխությունները:
Ըստ այդմ՝ այսուհետ ջրաչափերի ստուգաչափումը կամ անհրաժեշտության դեպքում նոր ջրաչափերի տեղադրումը կարող է իրականացվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից:
Մինչ այս փոփոխությունը ջրաչափական սարքերի, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի մուտքագծերի ջրաչափական սարքերի, ձեռք բերումը և սահմանված կարգով տեղադրումը կատարվում էր բացառապես բաժանորդների միջոցների հաշվին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից փոփոխություն կատարելու նախաձեռնությունը հիմնավորվել էր ջրաչափական սարքերի ձեռք բերման և տեղադրման ծախսերը կամ ծախսերի մի մասը ջրամատակարար կազմակերպությունների կողմից իրականացնելու նպատակահարմարությամբ: Սրանով ջրամատակարար կազմակերպություններին հնարավորություն է տրվում տեղադրել ջրաչափական սարքեր և ապահովել դրանց համապատասխանեցումը իրավական ակտերով սահմանված տեխնիկական պայմաններին:
Նշվել էր նաև, որ ջրամատակարար կազմակերպությունների կողմից իրականացվող ծախսերը նախատեսվում է կատարել համակարգում գործող վարկային ու դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալություն: