
Բաքուն «հիմնավորումներ» է ներկայացրել ազերի ոճրագործի ազատ արձակման վերաբերյալ

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի և ազգային անվտանգության ծառայության` Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը դատապարտող հայտարարություններին:
ԱՄՆ պետդեպարտամենտըը բացատրություն էր պահանջել Ադրբեջանից և Հունգարիայից` հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, ապա ներում շնորհելու փաստի առնչությամբ:
«Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը հետևել են դատապարտյալների արտահանձնման Եվրոպական կոնվենցիայի դրույթներին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը:
Նա նշել է, որ երկու երկրները լիարժեքորեն հետևել են ն Կոնվենցիայի դրույթներին:
«Ադրբեջանական կողմը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ իրավական տեղեկատվությունը: Դրանց հիման վրա հունգարական կողմը տվել է իր համաձայնությունը»,-ասել է Ալեսկերովը:
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստին՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ հունգարական դատարանը, սահմանափակել է միայն նրա պայմանական ազատ արձակումը` 30 տարիների ընթացքում: Այդ սահմանաակումը, սակայն, չի տարածվել համաներման կամ ներման վրա:
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով`Ռամիլ Սաֆարովին ներում է շնորհվել համապատասպան Ադրբեջանի օրենսդրության:
Նրա հավաստմամբ` համաձայն Ադրբեջանի սահմանադրության` ներում շնորհելու իրավունք ունի միայն հանրապետության նախագահը: