Վրացական նոր խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, 4 հայ պատգամավոր կլինի

Վրացական նոր խորհրդարանը չորս հայ պատգամավոր կունենա: Այս մասին այսօր 1-in.am-ի հետ զրույցում ասել է Ջավախահայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը` խոսելով Վրաստանում նախընտրական տրամադրությունների շուրջ:

Նա տեղեկացրել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի ղեկավարած կուսակցության երկու հայ ներկայացուցիչներ մեծամասնական ընտրակարգով ներկայացված են Ախալքալաքում, Նինոծմինդայում: Նրանք, Ստեփանյանի գնահատմամբ, բավական մեծ հնարավորություններ ունեն: Ըստ Ա. Ստեփանյանի` «Ազգային շարժում» կուսակցության ցուցակով ևս մեկ հայ կանցնի խորհրդարան: Առնոլդ Ստեփանյանը չբացառեց, որ Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությունից էլ մեկ հայ կլինի խորհրդարանում:

«Այսինքն, հնարավոր է՝ ունենանք չորս հայ պատգամավոր: Ընտրություններին հայեր շատ են ներկայացված, բայց պատգամավոր դառնալու ռեալ հնարավորություն ունեն չորս հայ»,- պարզաբանել է Ջավախահայերի միության ղեկավարը:

Անդրադառնալով հասարակական տրամադրություններին` նա ասաց, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ազգաբնակչության ձայները կկիսվեն ընդդիմության և իշխանության միջև, իսկ Ջավախքում իշխանությունն ավելի շատ ձայն կունենա: «Այսպես է, քանի որ Թբիլիսիում մարդիկ ավելի ազատ են, մի քանի հեռուստաալիք են դիտում, վրացերեն են հասկանում, տեղեկացված են և այլն, իսկ Ջավախքում շատ մեծ են ճնշումները»,- հստակեցրել է Առնոլդ Ստեփանյանը:

Տեսանյութեր

Լրահոս