Ցեղասպանության 100-ամյակի առիթով համագործակցության հուշագիր Չեխիայի Լիդիցեի հուշահամալիրի հետ

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը ներկայացնելու նպատակով, օգոստոսի 29-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահա այցելած Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:

 

Օգոստոսի 31-ին Պրահայի արվարձան Լիդիցե ավանում Հայկ Դեմոյանը և Լիդիցեի հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը ստորագրել են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Լիդիցեի հուշահամալիրի միջև համագործակցության հուշագիր:

 

Փաստաթուղթը նախատեսում է ցուցահանդեսների, ցուցանմուշների և հրատարակումների փոխանակում, պատմական և արխիվային նյութերի տրամադրում, փորձագետների փոխանակում:

 
Ստորագրման արարողությանը նախորդած քննարկումների ընթացքում առաջարկվեցին համագործակցության կոնկրետ ծրագրեր:

 
Հանդիպմանն ու արարողությանը մասնակցել են Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, դեսպանության և հուշահամալիրի աշխատակիցներ, հայ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Չեխիայում անցկացվող «Ինը դարպաս» փառատոնի շրջանակներում Հայոց Ցեղասպանությանը և Մուսալեռան հերոսամարտին նվիրված գիտական կոնֆերանսի կազմակերպիչ, «Չարիքի հնեաբանություն»՚ կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը:

 
Հանդիպման մասնակիցները ծաղիկներ են դրել Լիդիցեում նահատակված 82 երեխաների հուշակոթողին և դիտել հուշահամալիրի պատկերասրահի և թանգարանի ցուցադրությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս