Բաժիններ՝

Միջազգային մամուլը` Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին

Հունգարիայի իշխանությունների կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա`ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստի, այնուհետև՝ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստում հնչած գնահատականները միջազգային մամուլում նույնպես մեծ արձագանք են ունեցել:

«Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: …Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո, ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը: Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի Նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձն Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է:

…Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: …Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս ելույթը միջազգային հանրության քննարկման առարկան է դարձել: Մասնավորապես, մի շարք հեղինակավոր պարբերականներ արդեն հրապարակումներով անդրադարձել են Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների խզման խնդրին:

Այսպես, bbc.co.uk-ն (http://www.bbc.co.uk/news/world-europe-19440661) իր` «Ադրբեջանական մարդասպանի համաներման պատճառով Հայաստանը խզում է հարաբերությունները Հունգարիայի հետ» վերնագրով հոդվածում մեջբերում է ՀՀ նախագահի այն խոսքերը, թե Հայաստանը չի կարող հաշտվել այդ մտքի հետ, և այս գործողությամբ Հունգարիան և Ադրբեջանը պարարտ հող են ստեղծում նմանատիպ հանցագործությունների համար: Հոդվածում նաև նշվում է հունգարական կողմի պաշտոնական անդրադարձն այն մասին, որ, ըստ պայմանավորվածության, Ադրբեջանը պետք է պահպաներ սահմանված պատժամիջոցը:

Հիշեցնենք, որ Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: Արտահանձնման և, առավելևս, ներման հիմքերը պարզապես բացակայում են։

«Ռոյթերսը» փորձել է հնարավորինս անաչառ ներկայացնել իրավիճակը: Հրապարակման մեջ ՀՀ նախագահի խոսքից առանձնացվել է հատկապես այն հատվածը, որով Սերժ Սարգսյանը Հունգարիայի իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի հետ փաստացի գործարք կնքելու մեջ: Հոդվածում նաև հղում կատարելով հունգարական լրատվամիջոցներին` նշվում է, որ Ադրբեջանը պատրաստ է տրամադրել Հունգարիային 2.5-3.8 մլն դոլար վարկ:

Այս խնդրին անդրադարձել է նաև կանադական leaderpost.com-ը (http://www.leaderpost.com/news/Armenia+cuts+diplomatic+relations+with+Hungary+after+release+soldier/7174342/story.html)` ընդգծելով Հայաստանի կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին որոշումը:

 

Սպիտակ տան մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք (http://www.whitehouse.gov/the-press-office/2012/08/31/statement-nsc-spokesman-tommy-vietor-azerbaijan-s-decision-pardon-ramil-), որ ԱՄՆ նախագահ Օբաման նույնպես մտահոգված է, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Սաֆարովին՝ նրա վերադարձից անմիջապես հետո: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության` ԱՄՆ-ը  հայտնելու է իր դժգոհությունը Ադրբեջանի իշխանություններին, ինչպես նաև՝  Հունգարիայից պահանջելու է Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ բացատրություններ: Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ կառավարությունը (http://www.state.gov/r/pa/prs/ps/2012/08/197250.htm):

Ռուսական ՌՏ-ն (http://rt.com/news/armenia-azerbaijan-hungary-murder-087/) իր հոդվածում հանգամանալից ներկայացրել է իրավիճակը: Մասնավորապես նշել է, որ 2004-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ, որի համար 2006-ին հունգարական դատարանը տվել է ցմահ ազատազրկում նման ոճրագործության համար` առանց 30 տարի համաներման իրավունքի: Բացի այդ, նշվում է նաև, որ ի սկզբանե Սաֆարովն այլ ցուցմունք է տվել դատարանում, որոշ ժամանակ անց փոխել է այն: ՌՏ-ի թղթակիցն առանձնակի ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ չնայած պաշտոնական Բաքվի երաշխիքներին, թե Սաֆարովին համաներում չի շնորհվի 2037 թվականից շուտ, նա արդեն ազատության մեջ է:

Հոդվածագիրն անդրադարձել է նաև երեկ Հայաստանում Հունգարիայի հյուպատոսության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ցուցապաստառներին վերտառված էին «Ամոթ Հունգարիային», «Պահանջում ենք արդարություն» գրությունները:

Բուլղարական Novinite-ն (http://www.novinite.com/view_news.php?id=142832) գրում է  դիվանագիտական հարաբերությունների խզման մասին Հայաստանի և Հունգարիայի միջև` մեջբերելով ՀՀ նախագահի խոսքը: Այստեղ, ի տարբերություն այլ պարբերականների` նշվում է, որ հայկական մամուլում շրջանառվում են լուրեր, թե Ադրբեջանը պատրաստ է գնելու 2-3 մլրդ եվրո արժողությամբ հունգարական պարտատոմսեր:

«Հունգարիանամբիանս» թերթը (http://www.hungarianambiance.com/2012/08/armenia-breaks-off-diplomatic-relations.html) գրում է դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին` կապված Սաֆարովի էքստրադիցիայի հետ, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախագահի այցի անժամկետ հետաձգման մասին: Այնուհետ ներկայացվում են  սպանության մանրամասները, ինչպես նաև՝ Սաֆարովի վերջնական ցուցմունքը, թե Գուրգեն Մարգարյանին սպանել է, քանի որ չի կարողացել հանդուրժել, թե ինչպես է վերջինս ծաղրել ադրբեջանական դրոշը: Հունգարական թերթում նաև ներկայացվել է մի տեսագրություն, որտեղ հաjերը լոլիկներ են նետում Հունգարիայի հյուպատոսության շենքի վրա և պատառոտում Հունգարիայի դրոշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս