
Վրաստանին չեն ների 11 չեչենի ոչնչացման համար. ՊՆ նախկին ղեկավար

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Գեորգի Կարկարաշվիլին այսօր հայտարարել է, որ Թելավի շրջանում վրացի ուժայինների հատուկ օպերացիան, որն ավարտվել է 11 զինյալների ոչնչացմամբ, վրացական կողմի համար անհետևանք չի մնա: Այս մասին հայտնում է «Վզգլյադի» թղթակիցը Թբիլիսիում:
Թբիլիսյան «Ռեզոնանս» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «11 մարդու ոչնչացումն անհետևանք չի մնա: Անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կհարցնեն սպանվածների մասին»,- նախազգուշացրել է նա:
«Ու եթե նրանք չեչեններ են կամ կիստիններ (էթնիկ չեչեններ, որ ապրում են Վրաստանում), դա մեծ վտանգ է ներկայացնում, ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինի»,- կարծում է Գեորգի Կարկարաշվիլին:
«Կա վարկած, որ մահացածները կիստիններ են: Ստացվում է` նրանք Վրաստանի քաղաքացիներ են: Շուտով նրանց ընտանիքի անդամները կիմանան դրա մասին»,- նշել է նա: Դրա հետ կապված` նա հիշեցրել է այն տեղեկությունը, որ զինյալներից մեկը խոսել է վրացերեն:
Նախկին նախարարը քննադատել է վրացական իրավապահ մարմիններին, որ հատուկ օպերացիան ավարտվել է այդպիսի զոհերով ու չի հաջողվել բանակցություններով կանխել արյունահեղությունը: