
ԱՄՆ նախագահը մտահոգված է ադրբեջանցի ոճրագործին ազատ արձակելու փաստից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորապես մտահոգված է Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առթիվ, ինչը տեղի ունեցավ Հունգարիայի կողմից նրան Ադրբեջանին վերադարձնելուց անմիջապես հետո:
Նման հաղորդագրություն է տարածել Սպիտակ տակ խոսնակ Թոմմի Վիետորը:
«Ռամիլ Սաֆարովը խոստովանել է, որ 2004 թ.-ին Բուդապեշտում սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին և ցմահ ազատազրկման է դատապարտվել Հունգարիայի դատարանի կողմից:
Մենք կապվել ենք Ադրբեջանի ղեկավարների հետ` հայտնելու մեր հիասթափությունը` Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Այդ արարքը հակասում է տարածաշրջանում ճնշման թուլացման և հաշտեցման համար գործադրվող ջանքերին»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգները նաև բացատրություն է պահանջել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման վերաբերյալ: