«Արտուր Աթայանը մարտական ուղի անցած տղա ա, վերջը մեր ընկերն ա, բոլորիս ընկերն ա, և դա իրա խոսքերը չեն»
Քիչ առաջ 168.am-ը Կապանում տիրող ընտրապայքարի մթնոլորտի մասին փորձեց որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանից, ով նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ ) տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:
Վերջինս թեև նշեց, որ այժմ գտնվում է Քաջարանում, և իր «դառը» փորձից ելնելով` չի կարող հեռախոսով պատասխանել լրագրողների հարցերին, բայցև համաձայնեց պատասխանել Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանի ինքնաբացարկի և Կապանում ստեղծված «թշնամական մթնոլորտի» մասին մեր հարցին:
«Արտուր Աթայանն իմ ընկերն ա: Նորմալ տղա ա: Եվ ինքը հանուն Կապանի զարգացման, ինքն էլ բազմաթիվ անգամ հայտարարել էր, որ եթե գտնվի մի թեկնածու, որ կարողանա Կապանն ավելի շուտ զարգացնել, ինքը հրաժարական կտա: Ինքը մարտական ուղի անցած տղա ա, վերջը մեր ընկերն ա, բոլորիս ընկերն ա, և դա իրա խոսքերը չեն»:
Հիշեցնենք, որ երեկ Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչի պատճառը, ըստ նրա հայտարարության, քաղաքում տիրող թշնամանքի մթնոլորտն էր:
Հիշեցնենք նաև, որ Կապանի սեպտեմբերի 9-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է միայն մեկ թեկնածու` ՀՀԿ-ական, «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ում աջակցում են Սյունիքի մարզպետն ու ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: