Արտուր Աթայանը հայտարարում է, որ իրեն և իր թիմակիցներին ճնշել են

Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի այլևս նախկին թեկնածու Արտուր Աթայանն, ինչպես արդեն տեղեկացրել էինք քիչ առաջ, ինքնաբացարկ է հայտնել: Մեր աղբյուրների պնդմամբ` նա այդ քայլին դիմել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի գործադրած ճնշումների արդյունքում: Արտուր Աթայանը կապանցիներին դիմած իր կոչում ևս հայտարարել է, որ իր թիմակիցները ենթարկվում են ճնշումների:

168.am-ին հաջողվեց ձեռք բերել Արտուր Աթայանի պարզաբանումը, թե ինչու է ինքն ինքնաբացարկ ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի կապանցիներ

Սեպտեմբերի իննին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում առաջադրվել էի որպես Կապանի քաղաքապետի թեկնածու: Համոզված էի, որ իմ անցած չորս տարիների գործունեությունը, սրտացավ վերաբերմունքը համայնքի ու նրա յուրաքանչյուր բնակչի հանդեպ ինձ թույլ են տալիս վերընտրվելու և առաջիկա չորս տարիներին շարունակելու իմ ծրագրերի իրագործումը:

Կարդացեք նաև

Ես կարծում էի, թե կլինեն քաղաքակիրթ ընտրություններ և բոլոր թեկնածուներին հնարավորություն կընձեռվի օրենքով սահմանված կարգով կազմակերպել ընտրական գործընթացը:

Սակայն օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների:

Ինձ համար քաղաքապետի աթոռը ինքնանպատակ չէ ու ես չեմ կարող նման ծանր բեռով շարունակել ընտրապայքարն ու վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները:

Ես չեմ ուզում, որ իմ պատճառով տուժեն իմ ընկերներն ու համախոհները:

Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ծննդավայրում հաստատվեն թշնամանքն ու դավաճանությունը: Համոզված եմ, որ հազարավոր կապանցիներ համամիտ են ինձ հետ ու չեն մեղադրի ինձ:

Ես ուզում եմ հավատալ, որ այս օրերին հնչող հայտարարությունները, թե մեկ տարի հետո մենք ունենալու ենք անճանաչելիորեն բարեփոխված Կապան, իրականություն կդառնան: Ու եթե դրան խոչընդոտում է միայն իմ կուսակցական պատկանելությունը, ապա ես նպատակահարմար եմ գտնում զիջել իմ տեղը:

Հանուն Կապանի և հանուն կապանցու ես հրաժարվում եմ ընտրապայքարից:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կապանցիներին իմ կողքին կանգնելու համար, ներողություն եմ խնդրում, եթե նման որոշում կայացնելով չեմ արդարացրել ձեր սպասելիքները: Հուսով եմ, որ ներողամիտ կլինեք: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ ամեն ինչ անելու եմ իմ քաղաքի, իմ ընկերների համար»,- ասված է կապանցիներին ուղղված Արտուր Աթայանի պարզաբանման մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս