Բաժիններ՝

Հրահանգավորվող, շուկայական տնտեսություն

«Եկամտային հարկի» մասին չարաբաստիկ օրենքի շուրջ վերջին օրերին այնքան է խոսվել, որ դրա հիշատակումն արդեն կասկածի տակ է դնում նյութի` ընթերցելի լինելու հավանականությունը։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում լրատվամիջոցները մեկը մյուսի հետ մրցակցելով` այս թեմայի շուրջ հասցրեցին խոսեցնել բոլոր հնարավոր բանախոսներին: Առանց մանրամասների մեջ խորանալու` նշենք, որ կարծիքների հարցում մի հետաքրքիր միտում նկատվեց. կոշտից` փափուկ: Սկզբնական շրջանում բոլորը խոսում էին, որ օրենքը կրճատելու է վարձու աշխատողների աշխատավարձի իրական չափը:

Հետևաբար` սկսեցին խոսել ստվերի ծավալների ավելացման մասին: Հետո պարզվեց, որ տուժում են ոչ թե աշխատողները, այլ գործատուները։ Իսկ երեկ փորձագետներից մեկը մեր թերթին տեսակետ էր հայտնել, որ գործատուները ոչ միայն չեն կորցնում, այլ հակառակը` շահում են օրենքի կիրառման դեպքում։

Ինչևէ, մեկնաբանություններն ու հրապարակումներն այնքան շատ էին, որ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասուլիս հրավիրեցին` հատուկ այդ թեման մեկընդմիշտ փակելու նպատակով:
Վաչե Գաբրիելյանն անգամ հաշվարկի օրինակ ներկայացրեց, որպեսզի լրագրողներն ու մյուսները համոզվեն, որ ոչ ոք չի տուժում։

Ըստ այդ հաշվարկի, եթե, օրինակ, անձը ստանում է 100.000 դրամ անվանական աշխատավարձ, ապա գործող օրենսդրությամբ նրա «մաքուր» եկամուտը կազմում է 90.550 դրամ։ Այսինքն` անվանական աշխատավարձից պահվում է 9450 դրամ (3000 դրամ սոցվճար, 6450` եկամտահարկ)։ Եվս 19.000 դրամ պարտադիր սոցիալական վճար վճարվում է գործատուի կողմից։ Կարճ ասած, ընդհանուր առմամբ` պետբյուջե է գնում 28.450 դրամ։
Ըստ նախարարի, օրենքի կիրառումից հետո անվանական աշխատավարձը 100 հազարից դառնալու է 119.775 դրամ, որից պահվելու է 24.4%։

Արդյունքում` աշխատողի մաքուր աշխատավարձը մնում է անփոփոխ` 90.550 դրամ, իսկ բյուջե մտնող գումարն ավելանում է ընդամենը 775 դրամով։ Փաստորեն, գործատուն փոքր-ինչ տուժում է: Սակայն կա շատ ավելի կարևոր հարց, որն անտեսվում է` ինչպե՞ս է մասնավոր ընկերությունում աշխատող վարձու աշխատողի աշխատավարձը 100 հազարից դառնալու 119 հազար դրամ:

Վաչե Գաբրիելյանը վերը նշված ասուլիսում անուղղակիորեն նշել է,որ գործատուներին հրահանգվելու է բարձրացնել անվանական աշխատավարձը։

Ամենասկզբունքային հարցը հենց սա է` ի՞նչ իրավունք ունի պետությունն ուղղակի կամ անուղղակի կերպով ստիպել մասնավոր գործատուին` աշխատավարձ սահմանել: Խոսքը չի վերաբերում նվազագույն աշխատավարձին: Խոսքը նվազագույն աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող վարձատրության մասին է: Տրամաբանությունը պարզ է. պետությունը ցանկանում է այնպես անել, որ հասարակ աշխատողը չտուժի:

Սակայն արդյունքում տուժում են սկզբունքները, և աղավաղվում է շուկայական տնտեսության գաղափարը: Ամենաշատը, թերևս, պետք է քննարկվեր հենց այս հարցը, սակայն այն շատ սահուն անտեսվեց, և զարմանալիորեն ուշադրության չարժանացավ անգամ ընդդիմադիր փորձագետների կողմից: Մտահոգություններն էլ, ի դեպ, կապված են հենց այս հանգամանքի հետ: Եթե պետությունն այսօր կարող է հրահանգել անվանական աշխատավարձ բարձրացնել, ապա կարելի՞ է արդյոք բացառել, որ ընդամենը մի քանի ամիս անց լրացուցիչ փոփոխություններ չեն կատարվի, և չեն որոշի ավելացած աշխատավարձը հարկել ավելի բարձր դրույքաչափով:

Այսինքն, ըստ էության, խնդիրը հանգում է ոչ թե 500 կամ հազար դրամ կորցնելուն, այլ վստահության բացակայությանը։

Կա ևս մեկ ոչ պակաս կարևոր հարց. ո՞վ ի՞նչ է շահում այս փոփոխությունից։ Թվում է` այս հարցն էլ արդեն բազմիցս տրվել է, պատասխաններն էլ հնչել են։ Սակայն կա մի նրբերանգ, որը նույնպես ուշադրությունից դուրս է մնացել։

Բոլոր հնչած գնահատականների եզրահանգումը հետևյալն է. վարձու աշխատողը ոչ շահում է, ոչ էլ կորցնում։ Գործատուն գումարային առումով մի փոքր կորցնում է, սակայն փոխարենն ավելի քիչ թղթաբանություն է վարում՝ ներկայացնելով ընդամենը մեկ հաշվետվություն։ Կարելի է ասել, որ այդ օգուտը փոխհատուցում է գումարային վնասը։
Սակայն ամենամեծ շահողը իշխանությունն է։

Ոչ թե պետությունը, այլ իշխանությունը։ Գումարային առումով, թվում է, ոչինչ չի ավելանում, սակայն ավելանում է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարթությունում։ Իշխանությունն առանց լրացուցիչ ռեսուրսներ ներդնելու, առանց տնտեսությունը խթանելու, ոչինչ չանելով` ավելացնում է անվանական ամսական աշխատավարձը 15-20-ով%։ Միանգամից։ Հաջորդ տարվա փետրվարին դա կերևա արդեն վիճակագրական զեկույցներում։

Եվ, ի թիվս մեր տնտեսության փայլուն նվաճումների վերաբերյալ մյուս ցուցանիշների, «ձեռքի հետ» կհիշատակեն նաև անվանական աշխատավարձի շեշտակի բարձրացումը` որպես իշխանության անթերի տնտեսական գործունեության արդյունք։ Եվս մի քանի ամիս անց ընդհանրապես կմոռացվի, թե այդ «շեշտակի բարձրացումն» ինչի արդյունք էր, քանի որ, ինչպես ֆուտբոլում, հիշվում է ոչ թե խաղի ընթացքը, այլ արդյունքը։ Իսկ արդյունքը կմնա հայաստանյան և միջազգային տարբեր զեկույցներում։ Այնպես որ, PR-ային օգուտը հաստատ ավելի մեծ է, քան պետբյուջե մտնող աննշան ավելացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս