«Խազեինների խազեինի» որոշումը ֆանտաստիկ շոկ էր Վարդան Ղուկասյանի համար
168.am-ին տված հարցազրույցում ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու թեկնածու Լևոն Բարսեղյանը
– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը Գյումրիի ավագանու անդամ դառնալու համար:
– «Մենք հոգնել ենք մանրաքանդակ պաղ խոսքերից,
Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ»:
Պարույր Սևակն էր ասում: Մենք տարիներ շարունակ Տեղական ինքնակառավարման որակն ու քաղաքացիների կյանքը բարելավելու զանազան գործողություններ ենք արել, դիտարկել ենք կառավարման աշխատանքի որակն այստեղ, քննադատել ենք, առաջարկություններ ենք արել, բանակցություններ ենք վարել, քննարկումներ, հեռուստահաղորդումներ, և այլն, 10-12 տարի շարունակ, և շոշափելի արդյունքների չենք հասել: Որոշակի փոքր բաների հաջողվել է հասնել, բայց իրականում տեղական ինքնակառավարման որակի ու Գյումրիում քաղաքացիների կյանքի բարելավման մեզ չի հաջողվել հասնել: Տարբեր ոլորտների մարդիկ ենք եղել ներգրավված` հասարակական ոլորտի, բիզնեսի, մշակույթի գործիչներ, գիտնականներ: Վերջիվերջո, այս տարվա սկզբին որոշեցինք, որ այս ՏԻՄ ընտրությունները շանս են իսկապես քաղաքում արմատական բարեփոխումներ սկսելու համար: Բայց, իհարկե, այդ մասին հանրային լայն իրազեկում սկսեցինք ԱԺ ընտրություններից հետո, որպեսզի ԱԺ ընտրությունների այդ թոհուբուհի տակ չմնար մեր գործողությունը: Եվ կազմակերպեցինք «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնություն: Մշակեցինք քաղաքի զարգացման երկարաժամկետ ծրագիր, ընդունեցինք հռչակագիր, հայտարարեցինք մարդկանց, որ Գյումրիում մեր առաքելությունն արմատական բարեփոխումներ անելն է, և դրա համար` որպես գործիք, մենք օգտագործելու ենք ՏԻՄ ընտրությունն ու ավագանիների կատարելագործումը:
Ի վերջո, հնարավոր թեկնածուների համար եղել են բաց ֆորումներ, մարդիկ ազատորեն մասնակցել են, ով կամեցել է` մասնակցել է, ով չի կամեցել` մեկ-երկու անգամ եկել է` էլ չի եկել: Ի վերջո, դուրս բերեցինք հնարավոր թեկնածուների ցանկ` 25 հոգի, հետո` 11, և, ի վերջո, 7 հոգի որոշեցինք առաջադրվել ավագանու անդամ, որովհետև վաղուց գիտեինք, որ օրենքով ավագանին ահռելի լիազորություններ ունի և կարող է շատ մեծ ազդեցություններ ունենալ քաղաքի կյանքի վրա, ինչը չի օգտագործվել տարիներ շարունակ, երբ ավագանին եղել է սաստիկ պասիվ:
Ընդհանուր առմամբ, ավագանիները ձևական և օրենքով պարտադրված բնույթ են կրել: Բացառություն կարելի է գտնել որոշ համայնքներում, օրինակ, Իջևանում, բայց այնտեղ էլ կուսակցական շահեր էին բախվում, քան քաղաքի շահն էր: Եվ, ընդհանուր առմամբ, Հայաստանում օրենքով սահմանված է, որ ավագանին դոմինանտ է իր համայնքապետին ու իր ենթակա աշխատակազմին, բայց իրականում մենք միշտ հակառակն ենք տեսնում` քաղաքապետը կամ գյուղապետն իր աշխատակազմով թելադրում է ավագանուն` ինչն ինչպես անել:
– Իսկ ինչպե՞ս կգնահատեք Գյումրիի նախընտրական մթնոլորտը:
– Բանն այն է, որ շատերը սպասում էին, որ քաղաքապետն իր թեկնածությունը կառաջադրի, և շատերը հասկացան, որ Բաղրամյան 26 հասցեից նրան հորդորել կամ արգելել են իր թեկնածությունն առաջադրել, ասել են, որ լավ կլինի` չառաջադրես, և ինքը չառաջադրեց: Իր ընտրազանգվածը դժգոհ է, ինքն էլ է դժգոհ, որքան ինձ հաջողվում է նկատել: Գյումրիում որևէ աշխույժ ընտրապայքարային հետաքրքրություն՝ քաղաքապետի, քաղաքապետի թեկնածուների մասով, չկա: Կարելի է ասել, որ խոշոր հաշվով` ամեն ինչ գրեթե պարզ է` պետությունը հավանել և մատնացույց է արել մեկ թեկնածուի: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն միահամուռ են այդ մեկ թեկնածուի հարցում, իսկ հետաքրքրությունն էլ, կարծես, դարձել է ավագանու անդամության ընտրապայքարը:
Այս տարի մրցակցում է 71 թեկնածու, 4 տարի առաջ` նախորդ ընտրություններում` 52 թեկնածու, դրանից առաջ` 48 թեկնածու, իսկ 1999թ. եղել էր 84 թեկնածու, որից հետո հետաքրքրությունը ավագանու նկատմամբ ահագին նվազել է: Հիմա նորից վերածնվել է դա, որտեղ իր բաժին «մեղքն» ունի «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը. մենք բավական երկար չարչարվեցինք, հանրությանը բացատրեցինք ավագանու դերն ու դերակատարությունը:
– Իսկ որպես Գյումրիի ակտիվ բնակիչ՝ երեկ Գյումրիի «Գծի հետև» թաղամասում տեղի ունեցած միջադեպի մասին ի՞նչ եք լսել:
– Լսել եմ, որ մարդիկ կրակոցներ են լսել այնտեղ, բայց մասնակիցների մասին որևէ ճշգրիտ տեղեկատվություն չունեմ, և շատ դժվար է նման բաների հետ կապված ճշգրիտ տեղեկատվություն իմանալ: Բարեբախտաբար, զոհերի կամ վիրավորների մասին լուրեր չկան, իսկ երբ զոհեր կամ վիրավորներ չեն լինում նման դեպքում, շատ դժվար է լինում բացահայտել: Այնպես որ, չեմ կարծում, թե որևէ բան բացահայտվելու է դրանից: Շատ հաճախ երեկոյան մարդիկ այդ կրակոցները կարող են շփոթել հրավառության հետ, որովհետև տարբեր ռեստորաններ կազմակերպում են տարբեր հրավառություններ՝ իրենց տոնախմբությունների ավարտին մոտ:
– Բայց, ամեն դեպքում, մարդիկ հստակ տարբերակում են կրակոցը հրավառությունից, և, բացի այդ, անտեղի չեն շրջանառի Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի անունը ՝ հնչած կրակոցների հետ:
– Ես ունեմ տեղեկություններ, որ երեկվա դեպքին մարդիկ լսել են կրակոցների ձայներ, բայց չեմ ասում, թե հրավառություն է: Իսկ թե ովքե՞ր են եղել գործող անձինք, ճշգրիտ տեղեկություններ չունեմ և հեռու եմ մնում ճշգրիտ տեղեկություններ չունենալով` ինչ-որ բան ասելուց:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի որոշումը` Վ. Ղուկասյանին չսատարելու մասին: Բոլորին էլ հայտնի է, որ վերջինս բավական շատ քվեներ էր բերում ՀՀԿ-ին:
– Լավ կլինի, որ ինքն այդ մասին մի հարցազրույց տա: Իմ ենթադրությունն է, որ մի օր ՀՀԿ-ն հոգնելու էր և որոշելու էր փոխել Վարդան Ղուկասյանին: Իմ գնահատմամբ` Վ. Ղուկասյանի` քաղաքական երկու խոշոր սխալներից մեկը եղել է հանրապետականացվելը: Ինքն ընտրվել էր` որպես ժողովրդի մարդ, և առաջին տարիներին, իսկապես, ժողովրդի մարդ էր, ժողովրդից ընտրված քաղաքապետ էր մնում, իսկ հետո այդ կուսակցականացումը սկսեցին վատ ընդունել: Իր պրոհանրապետական ելույթները նույնպես լավ չընդունեցին: Վերջերս նույնիսկ ասում էր, որ ՀՀԿ-ն է շինարարություն արել այստեղ, ինչը բացարձակապես սուտ է` կուսակցությունները շինարարություններ չեն անում: Մյուս կոպիտ սխալն այն էր, որ ինքը, շատ լավ իմանալով գյումրեցիների տրամադրություններն ու վերաբերմունքը, այդ թվում` իշխող կուսակցությունների մասին, գերագնահատել էր իր սեփական հնարավորությունները` ձայներ հավաքելու մասով, և խոստացել էր ամպագոռգոռ բաներ Ազգային ժողովի ընտրություններում: Եվ այդ խոստումները չստացվեցին այնպես, ինչպես ստացվեցին արդյունքները:
Այն ողորմելի քվեները, որոնք ՀՀԿ-ն ստացավ այստեղ, երևի զայրացրեց Բաղրամյան 26-ի գլխավոր պաշտոնյային, և ինքը որոշեց փոփոխություններով հասնել մի այնպիսի իրավիճակի, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Գյումրիից շատ ավելի քվեներ կարողանա ստանալ, քան ստացել է գոնե նախորդ անգամ: Իմ համոզմամբ` Հանրապետականն այստեղ պետք է ստանար ոչ թե 14.000-ից ավելի քվե, այլ, իմ խորը համոզմամբ` 2-3 հազար: Այսինքն` մնացածը, ինչ ստացել էր, Վարդան Ղուկասյանի և Հանրապետական նոմենկլատուրշչիկների չարչարանքների արդյունքն էր:
Այսինքն` եթե գիտես, որ մարդիկ չեն հավանում այս իշխանությունը, ինչի՞ հիման վրա ես վերևներին խոստանում, որ կլինեն լավ քվեներ: Դա երկրորդ սխալն էր: Գուցե դա սխալ հաշվարկի հետևանք էր, և իմ կարծիքով` դիտավորություն չկար դրա մեջ , որովհետև ինքն ինչ եղել է ՀՀԿ անդամ` գովել ու պաշտպանել է այդ կուսակցությանը: Եվ, ի վերջո, կուսակցությունը երևի որոշել է թարմություն հաղորդել` հույս ունենալով, որ Բալասանյանի միջոցով կարող է առավել քվեներ շահել առաջիկա նախագահական ընտրություններում, ինչին ես շատ-շատ կասկածում եմ, քանի որ քաղաքապետի փոփոխմամբ գյումրեցիների վերաբերմունքը Սերժ Սարգսյանի կամ Հանրապետականի նկատմամբ չի փոխվում: Եթե չասեմ, որ ավելի վատն է դառնում:
– Իսկ ինչո՞վ եք բացատրում Վարդան Ղուկասյանի լռությունը:
– Ի՞նչ անի, լավ: Դուք դրեք Ձեզ իր տեղը. 13 տարի ղեկավարել եք քաղաքն այնպես՝ ինչպես ուզել եք, բյուջեն ղեկավարել եք այնպես՝ ինչպես ուզել եք, ում ուզել` սատանա եք անվանել, ում ուզել` գովաբանել եք, մեկ էլ հանկարծ գլխավոր օլիգարխը` խազեինների խազեինը որոշում է, որ դու այլևս չունես այդ հնարավորությունը: Դա ֆանտաստիկ շոկ է: Վարդան Ղուկասյանը կատարել է նաև բազմաթիվ լավ գործեր քաղաքում, և ահագին մարդ կա, որ իր ընտրազանգվածն է. իր մոտավոր հաշվումներով` 20-30% մարդ կա, որ առայժմ պատրաստ է քվեարկել իր օգտին, և այդ քվեներից որևէ բան չի փախնելու-գնալու մյուս թեկնածուներին: Նրանք ուղղակի չեն գնալու քվեարկության կամ գնալու են և քվեարկեն՝ Չակ Նորիս, կամ քվեաթերթիկի տակ ավելացնելու են Վարդան Ղուկասյանի անունը: Մտապահեք սա: Բայց սրա հետ մեկտեղ` իր եսակենտրոն կեցվածքը, ստալինական կառավարումն ու իր բնավորության մի շարք գծեր հոգեբանական լուրջ ճգնաժամի են հանգեցրել իրեն: Ինքն, իհարկե, կմասնակցի տոնակատարությունների, արձաններ կբացի, կխնդա-կխոսի, բայց, իսկապես, պատկերացրեք` շատ դժվար է` 13 տարի լինել քաղաքի տեր-տիրականն ու հանկարծ զրկվել դրանից: Միգուցե մի օր խոսի այդ մասին, մի օր ձայնը ելնի: Օրեր առաջ, օրինակ, Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունը ցույց տվեց մի ֆիլմ, որտեղ կային դրվագներ, որոնք նման էին քարոզչական հեռուստագովազդին, որը, ենթադրում եմ, պատվիրել էր իր քարոզչական արշավի համար: Իմ հեռուստատեսային աշխատանքի փորձը հուշում է ինձ, որ այդ դրվագները վաղուց պատրաստված հեռուստագովազդներ էին: Դժվար է, իսկապես, մարդուն իշխանությունից կտրե,` այն էլ՝ բռնի ուժով: Ով էլ լինի՝ ծանր կտանի դա: