
Կեղծ ահազանգերի հեղինակները հիմնականում «ծալապակասնե՞ր» են

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Կրոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե Ոստիկանությունում կեղծ ահազանգերի հեղինակները հիմնականում «ծալապակասներ» են: Համենայնդեպս, նրա կարծիքով՝ այդ ահազանգերը չեն կարող պատվիրատուներ ունենալ. «Օրինակ, սեպտեմբերին կարող է որևէ երեխա զանգել ու ասել, որ որևէ դպրոցում կամ համալսարանում ռումբ է տեղադրված. այս դեպքում չես կարող ասել, որ այդ զանգը պատվիրատու ունի»,- ասում է նա:
«Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով: Այն նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»,- տեղեկացնում է Մ. Կրոյանը:
Ըստ վիճակագրական տվյալների`2011-ին ՀՀ տարածքում արձանագրվել է 12 կեղծ ահազանգ, որոնցից երկուսը բացահայտվել են, մեկն ընթացքի մեջ է, 9-ը կասեցվել է:
Ահազանգերից 11-ը գրանցվել է մայրաքաղաքում, 1-ը՝ Զվարթնոց օդանավակայանում:
2012-ի հունվարից մինչ այսօր գրանցվել է 5 կեղծ ահազանգ: Շենգավիթի տարածքում գրանցված 1 կեղծ ահազանգն արդեն բացահայտված է: