«Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը» դրույթը չի իրագործվում
Հայաստանի ժողովրդագրական ու լեզվամշակութային վիճակով մտահոգ հասարակական կազմակերպություններից մեկը հայտարարություն է հրապարակել, որով իր մտահոգությունն է հայտնում Հայ ժողովրդի երկու հատվածների՝ արևմտահայերի ու արևելահայերի միջև օրեցօր խորացող լեզվական ու մշակութային անջրպետվածության կապակցությամբ: Այն հատկապես սրվել է վերջին ժամանակներս՝ երբ սիրիահայությունը գալով հայրենիք, լեզվական բազմաթիվ խոչընդոտների առաջ է կանգնում, նամանավանդ դպրոցահասակ երեխաները, որոնց համար խորթ է ոչ թե արևելահայերենը, այլ մեր ուղղագրությունը, որը խորհրդային տարիներին արհեստականորեն փոխվելով՝ արդեն քանի տասնամյակ բաժանիչ գործոնի դեր է կատարում հայ ժողովրդի երկու հատվածների միջև, ինչը անկասկած մեր որոշ «դրացի» ու շահագրգիռ պետությունների սրտով է: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական լեզուն գրական հայերէնն է: Համաձայն Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան 17.04.1993 թ. ընդունած Հայոց լեզուի մասին օրէնքի` «Հայաստանի Հանրապետութիւնն աջակցում է հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը սփյուռքում: Հայաստանի Հանրապետութիւնը նպաստում է հայերենի ուղղագրութեան միասնականացմանը»:
Հայաստանի Հանրապետութեան Հայոց լեզուի մասին օրէնքի ընդունումից անցել է տասնինը տարի, սակայն հանրապետութեան լեզուի տեսչութիւնը, Հայաստանի Հանրապետութեան եւ արտերկրի լեզուաբանները մինչեւ այսօր, ցաւալիօրէն, չեն իրագործել հայոց լեզուի մասին ընդունուած միասնականացման օրէնքը:
Այդ պատճառով Հայաստանի Հանրապետութիւնում եւ արտերկրում արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի միասնական ուղղագրութեան առաջ ծառացած խնդիրը գտնւում է փակուղում, որի հետեւանքով հանրապետութեան ներսում եւ դրսում միայն անհատական գործունէութեան շրջանակներում են իրականացւում հայերէն գրաւոր լեզուի կրթական ծրագրերը: Հայաստանի Հանրապետութեան լեզուի օրէնքի շրջանակներից դուրս է մղուել արեւմտահայերէնը եւ արտերկրի հայութիւնն անհանգստացած է արեւմտահայերէնի պաշտպանութեան խնդրով:
Հայաստանի Հանրապետութիւնում եւ արտերկրի տարբեր ծրագրերի շրջանակներում հայերէն գրաւոր լեզուի դասաւանդման կամ ուսուցման աշխատանքներն իրականացւում են գրական հայերէնով, արեւմտահայերէնով եւ դասական ուղղագրութեամբ, որն առաջացնում է նոր խնդիրներ ուղղագրութեան եւ ուղղախօսութեան համար: Շուրջ քսան տարի անց խնդիրը մնացել է նոյն տեղում եւ չլուծուած:
Մեր կարծիքով, առաջացած հին եւ նոր խնդիրները կարելի է լուծել միայն պետական հոգածութեամբ եւ լեզուաբանների միասնական մասնակցութեամբ: Հիմնախնդիրը կարելի է լուծուած համարել, եթէ Հայաստանի Հանրապետութիւնը ընդունի հայերէնի միասնական դասական ուղղագրութիւնը, որով իսկ վերջ կը դնի շահարկումներին` թէ Հայաստանում եւ թէ արտերկրում հնարաւորութիւն ստեղծելով թէ արեւմտահայերէնի, թէ արեւելահայերէնի, թէ միջին հայերէնի եւ թէ գրաբարի կիրառման համար:
Դասական ուղղագրութեան վերականգնման միջոցով վերանում է արեւմտահայերէնի կորստի նկատմամբ ունեցած վախը: Այդ միջոցով, Հայաստանի Հանրապետութեան կրթական համակարգում հաւասարապէս կ’ուսուցանուեն եւ կ’ընթերցուեն արեւմտահայերէնը եւ արեւելահայերէնը:
Այդպիսով, Հայաստանի Հանրապետութիւնը մէկ քայլով, այսինքն` հայերէնի միասնական դասական ուղղագրութիւնն ընդունելով, վերացնում է անջրպետը արեւելահայերէնի, արեւմտահայերէնի, միջին հայերէնի եւ գրաբարի միջեւ: Հայաստանի Հանրապետութիւնում եւ արտերկրում հայերէնի միասնական դասական ուղղագրութեան հաստատումից յետոյ կը հաստատուի միասնական պետական լեզու, մամուլ, միասնական հայերէն դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտամեթոդական տեղեկատուներ, գիտահանրամատչելի գրականութիւն, որից հաւասարապէս կ’օգտուեն եւ արտերկրում, եւ Հայաստանի Հանրապետութիւնում: Անցումը հայերէնի միասնական դասական ուղղագրութեանը, հայոց լեզուի ներքին օրէնքների համաձայն, չի խոչընդոտում աշխարհաբար գրական արեւելահայերէնի զարգացմանը եւ, բնականաբար, դասական ուղղագրութիւնը չի նշանակում խօսել գրաբարով:
Հայերէնը լեզունէրի մի մեծ համակարգ է, որը սպասարկում է պետական, հասարակական, կրօնական գրաւոր եւ բանաւոր պահանջները, այդ թւում նաեւ այն տարածքներում, որտեղ շփման հիմնական միջոցը բարբառներն են:
Հարկաւոր է նաեւ նկատի ունենալ, որ լեզուն կենդանի մարմին է եւ այն շարունակաբար զարգանում է եւ հարստացնում մեր մայրենին, իսկ առանց հայերէնի միասնական դասական ուղղագրութեան ակնյայտ է, որ առաջընթաց եւ զարգացում չի կարող տեղի ունենալ»:
Կարինէ Հայրապէտեան
«Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւն» կազմակերպության
Կրթութեան եւ գիտութեան հանձնաժողովի պատասխանատու