Բաժիններ՝

Տեղական գյուղմթերքն ավելի թանկ է, քան ներկրվողը

Ջերմոցային տնտեսություններ ունեցող բազմաթիվ գյուղացիներ դժգոհում են, որ հատկապես ձմռան ամիսներին իրենց համար ձեռնտու չէ ջերմատների շահագործումը, քանի որ ֆինանսական կորուստներ են կրում: Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ  Սմբատ Սարգսյանն, օրինակ,  իր տնամերձ հողակտորում մշակում է 3 ջերմատուն:  Մեզ հետ զրույցում Սմբատը նշեց, որ իր ջերմատանն աճեցրած լոլիկը ձմռան և վաղ գարնան ամիսներին չի կարողանում իրացնել: Մինչդեռ  ձմռան ընթացքում ջերմատներում այրած  վառելիքի, սնուցման ծախսերը կազմում են 1.500.000 դրամ: «Ինձ ձեռք չի տալիս ձմռան ամիսներին իմ ջերմոցները մշակել: Առաջին հավաքին հավաքած 400-500 կգ լոլիկը բարձր գնով եմ վաճառում, բայց հետագա հավաքների ընթացքում բերքի գինն ամեն անգամ 100 դրամով նվազում է: Պատճառը դրսից ներկրվող ապրանքն է: Մարդիկ առավել էժան գներով լոլիկ են բերում, սահմանում են շուկայի գինը, մենք էլ ստիպված նույն գնով վաճառում ենք մեր մշակած բերքը: Ներկրողին ձեռք է տալիս, բայց ես ձմռանը տաքացնում եմ ջերմոցս, հավելյալ պարարտացնում, փխրեցնում եմ»,- մեզ հետ զրույցում դժգոհում էր գյուղացին: Այսօրվա ասուլիսում գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին հարցրեցին` ինչո՞ւ է ներկրվում գյուղմթերք, եթե տեղի արտադրողը մշակում է այդ մթերքը: «Մենք  նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ ամիսներին ունենում ենք  բանջարեղենի՝  լոլիկի պակաս, և այդ պահանջարկն ապահովելու համար մենք չենք կարող փակել մեր դռները: Ներկրվող լոլիկն ու վարունգը իսկապես իրենց ինքնարժեքով ավելի էժան են, քան մեր  գյուղացիական տնտեսություններինը: Գազի, էլեկտրաէներգիայի ծախսը  գյուղացու արտադրանքի գնի որոշակի  տարբերություն է առաջացնում»,- ասաց նա: Ըստ Սամվել Գալստյանի, եթե տեղի արտադրողը ձմռան և վաղ գարնան ամիսներին ապահովի գյուղմթերքի պակասը, դրսից արտադրանք չի ներկրվի: «Մեր գյուղացին հենց մեր շուկան ապահովեց, մեխանիկորեն  դրսինն այստեղ անելիք չի ունենա: Մեր պահանջարկն  այդ ամիսներին չենք կարողանում ապահովել, դրա համար ճանապարհը խիստ չի փակվում, որի պայմաններում, իսկապես, Արարատի, Արմավիրի մարզում ջերմոցային տնտեսությունների աշխատակիցները երբեմն նաև տրտնջում են, որ իրենց արտադրանքը, գնային քաղաքականությամբ, մրցունակ չէ դրսից ներկրվածի նկատմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս