Բաժիններ՝

Լավրով. Ես չեմ հավատում, որ ռազմական ուժի կիրառումը կարող է խնդրին երկարաժամկետ լուծում տալ

«Sky News Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարրել է, թե Իրանի միջուկային ծրագիրը ավելի վտանգավոր չէ այլ միջազգային խնդիրներից: «Տարակարծությունները, որոնք պահպանվում են «Վեցյակի» անդամների և Իրանի միջև, շատ լուրջ են, բայց դրանք ավելի լուրջ չեն, քան պաղեստինա-իսրայելական և արաբա-իսրայելական կարգավորման հարցում առկա տարակարծությունները, Արևմտյան Սահարայի և Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտի ստեղծելու խնդիրները: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, ըստ որի հնարավոր է իրանական միջուկային խնդիրը բացառիկ դարձնել»,- ասել է Լավրովը:

Նրա փոխանցմամբ՝ ՌԴ-ն Իրանի միջուկային հարցի շուրջ Ստամբուլում և Մոսկվայում անցկացված բանակցությունները ձախողված չի համարում: Ավելին, ըստ Լավրովի՝ նրանք, ովքեր խոսում են ձախողման մասին, ցանկանում են «հիստերիկ հռետորություն» պարտադրել: «Դա ճիշտ չէ»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, թե Մոսկվայի և Ստամբուլի բանակցությունների ժամանակ, ճիշտ է՝ աննշան, բայց առաջընթաց արձանագրվել է:

Որպես «աննշան առաջընթաց» Լավրովը նշել է այն, որ կողմերը շատ պարզ և մանրամասն սահմանել են իրենց մոտեցումները, այն էլ, ըստ նրա՝ խնդրի կոնկրետ կետերի շուրջ:

Հարցին էլ, թե Իրանի նկատմամբ Իսրայելի ռազմական սպառնալիքներն ի՞նչ հետևանք կունենան, Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Ես չեմ հավատում, որ ռազմական ուժի կիրառումը կարող է խնդրին երկարաժամկետ լուծում տալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս