ԱՄՆ-ը Ուզբեկստանում ռազմակայան չի հիմնի. պետքարտուղարի օգնական
ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր չեն Ուզբեկստանում ռազմակայան հիմնել: Այս մասին Տաշքենդում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի` Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների գծով օգնական Ռոբերտ Բլեյքը:
Պաշտոնյան հերքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Ուզբեկստան իր այցի արդյունքներով այդ երկրում ամերիկյան ռազմակայանի ստեղծման մասին պայմանագիր է ստորագրվելու:
«ԱՄՆ-ն Ուզբեկստանում ռազմակայան հիմնելու ոչ մի ծրագիր չունի»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Բլեյքը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուզբեկստանին, նույնիսկ Աֆղանստանից խաղաղարար ուժերի դուրսբերումից հետո:
«Մենք պարտավորվել ենք մարզել աֆղանական ուժերին, որ նրանք կարողանան ապահովել իրենց երկրի անվտանգությունը: Մենք այնտեղ որոշակի ուժեր կթողնենք, անվտանգության նկատառումներով: Այս ուղղությամբ մենք խորհրդակցություններ ենք ունենալու նաև Ուզբեկստանի հետ: Մենք հասկանում ենք, ինչ ռիսկի են ենթարկվում Աֆղանստանի հարցում Վաշինգտոնի հետ համագործակցող երկրները և այդ առումով, մեր շահերից է բխում գործընկերների պաշտպանությունը», ասել է Բլեյքը:
Ուշագրավ է, որ Բլեյքի գլխավորած պատվիրակությանը զուգահեռ Ուզբեկստանում է նաև ամերիկյան գործարարների մի ստվար պատվիրակություն, որին արդեն ընդունել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը: Կողմերը շեշտել են վերջին ժամանակներում ունեցած գործարար հաջողությունները և որպես օրինակ նշել հատկապես ուզբեկ գործընկերների հետ այնպիսի ամերիկյան հսկաների համագործակցությունն, ինչպիսիք են General Motors-ը, Boeing-ը և General Electric-ը: