Միշա Քալանթարյան-Հայրապետյանը Երևանի գաջի գործարանի սեփականատերն էր
Օգոստոսի 17-ին Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիտրով) հասցեում հրազենային վնասվածքից մահացել է գործարար Միշա Քալանթարյանը (Հայրապետյան): 168.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը կատարվածի առնչությամբ ասաց. «Միշա Քալանթարյանն ինքնասպանությունը կատարել է իր բնակարանում: Մինչ այդ նա շատ հանգիստ և նորմալ վիճակում է եղել: Հետո առանձնացել է իր սենյակում: Տնեցիները կրակոցի ձայներ լսելով` գնացել են նրա սենյակ և Միշա Քալանթարյանին գտել մահացած վիճակում: Դեռևս քննություն է տարվում, բայց տնեցիներն ինչ-որ նախնական պատճառ` վեճ և այլն, չեն հիշում, ընթացքում ամեն ինչ կպարզվի, և, հնարավոր է` ինչ-որ բան հիշեն»:
Տեղի ունեցածը լուսաբանելիս տարբեր լրատվամիջոցներ ինքնասպանություն գործող անձին ներկայացրել են տարբեր ազգանուններով` Քալանթարյան և Հայրապետյան: Ներսես Նազարյանը դա այսպես մեկնաբանեց. «Միշա Քալանթարյանը, ում պատկանում է Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութի և BMW խանութներրի ցանցի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբայրն է: Պարզապես իրենց ազգը երկու ազգանուն ունի»:
Այս մասին հաստատեց նաև Փայլակ Հայրապետյանը: Նա նշեց, որ Միշա Քալանթարյանն իր հարազատ և կրտսեր եղբայրն է, պարզապես եղբոր ազգանունն անձնագրով Քալանթարյան է: Փայլակ Հայրապետյանը հոր մահից հետո նրա անունն է վերցրել՝ որպես ազգանուն, իսկ Միշա Քալանթարյանի ազգանունն իրենց պապական ազգանունն է:
Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են, նշանակվել է Մ. Քալանթարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն: