Սիրիայի փոխնախագահը փախե՞լ է երկրից
Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ- Շարաան լքել է հայրենիքն ու փախել Հորդանան` անցնելով ընդդիմության կողմը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Այս լուրը պաշտոնական Դամասկոսը դեռ չի հաստատել:
Լիբանանյան «Ռուվվադ» լրատվական գործակալության համաձայն` Շարաան Դամասկոսից անհետացել է 10 օր առաջ: Հինգշաբթի փոխնախագահի զարմիկը` գնդապետ Յուուրաբ Շարաան, անսպասելի հայտնվել էր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ու այնտեղից սիրիական բանակին կոչ արել «կանգնել ժողովրդի կողքին ու դեմ հանդես գալ Բաշար ալ Ասադի կառավարմանը»:
Լիբանանյան ու արաբական լրատվամիջոցներն ավելի վաղ ենթադրում էին, որ Ֆարուք ալ Շարաան կարող է հետևել նախկին վարչապետ Ռիյադ Ֆարիդ Հիջաբի օրինակին, ով օրեր առաջ ընտանիքի հետ լքել էր երկիրն ու հայտարարել «սիրիական հեղափոխության» կողմն անցնելու մասին:
Շարաան 20 տարի շարունակ գլխավորել է Սիրիայի արտգործնախարարությունը, իսկ 2006թ.-ից երկրի փոխնախագահն է: