Ինչո՞ւ է իշխանությունը բարոյազրկում հասարակությանը

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը»,- տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության` այսօր տարածած հաղորդագրությունից:

Հիշեցնենք, որ խոսքը  մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ ցուցադրված մի տեսանյութում ընտրակաշառք բաժանելու դեպքի մասին է, որում երևում է, թե ինչպես է մեկն ընտրակաշառք բաժանում:

«Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, ՀՀԿ անդամ Շ. Մելքոնյանը ՀՀԿ օգտին քվեարկելու նպատակով Գյումրի քաղաքի մի քանի քաղաքացիների 5 հազարական դրամ ընտրակաշառք է տվել, որպեսզի նրանք 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններին քվեարկեն ՀՀԿ օգտին` այդ կերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Առաջին հայացքից ամենօրյա լրահոսի հերթական տեղեկատվություն թվացող այս հաղորդագրությունն իրականում վկայում է այն մասին, թե որքան խորն են Հայաստանում ընտրակեղծիքի արմատները, և ինչ շերտեր են դրանք թափանցել:

Կարդացեք նաև

Ընտրակաշառք բաժանած անձնավորությունը, փաստորեն, Գյումրիի ու գյումրեցիների համար հպարտության առարկա հանդիսացող  «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրենն է, այսինքն` մտավորական, այսինքն` մարդ, որն իր տեսակով, աշխատանքով՝ պետք է օրինակելի լինի մյուսների համար, ինքը հանդես գա գրված ու չգրված օրենքների պաշտպանությամբ: Սակայն իշխանական կուսակցության անդամ այդ տնօրենն ինքը դարձել է կեղծիքի հսկայական համակարգի փոքրիկ պտուտակներից մեկը:

Իհարկե, հնարավոր է՝ նա թանգարանի` տնտեսական հարցերով տնօրենն է, հնարավոր է` պատահաբար է այնտեղ հայտնվել, հնարավոր է` ընդհանրապես մտավորական չէ, հնարավոր է նաև՝ այս գործին ընթացք է տրվել՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ օգտագործելու համար: Սակայն այս տնօրենի կերպարը, ըստ էության, «խորհրդանշական» է, քանի որ նրա նման՝ ընտրակեղծարարության գործընթացում ներգրավված են եղել տասնյակ, հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ, ովքեր հասարակական ընկալումների մեջ ասոցիացվում են մտավորականի, ծայրահեղ դեպքում` «ինտելիգենտ մարդու» հետ:

Նույն` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ և դրանց ընթացքում տասնյակ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ստեղծագործական կոլեկտիվների անդամներ իրենց գործունեությամբ, ըստ էության, չեն տարբերվել «գործի վրա բռնված»՝ թանգարանի տնօրենից: Մի՞թե պակաս հանցավոր է դպրոցների այն տնօրենների արարքը, ովքեր իրենց աշակերտների ծնողներից անձնագրերի տվյալներ էին հավաքագրում, մի՞թե պակաս հանցավոր են այն ուսուցիչները, ովքեր ընտրությունների օրը հանդես էին գալիս իշխանական ուժերի վստահված անձանց, հանձնաժողովի անդամների ու ընտրական գործընթացի այլ մասնակիցների դերում:

«Մտավորականների» այդ խավը միշտ ծառայում է իշխող ուժին կամ ուժերին: Նույն ՀՀԿ-ում, «Բարգավաճ Հայաստանում» կամ «Օրինաց Երկրում» կան տասնյակ այդպիսի դեմքեր, ովքեր, եթե նույնիսկ ընտրակաշառք չեն բաժանել, ապա առանց վարանելու պատրաստ են դա անել` հանուն որևէ «շեֆի»: Իրականում այս խավի պարագայում ավելի հանցավոր է այդ «պատրաստակամությունը», քան հանցագործություն կատարելու բուն գործողությունը:

Լայն իմաստով, իշխանությունը հիմնված է հենց այդ «պատրաստակամության» վրա: Իշխանությունը միշտ ունի փող, անսահմանափակ փող: Բայց այդ փողը ընտրություններում ազդեցություն է ունենում, երբ գտնվում են ոչ միայն մարդիկ, ովքեր պատրաստ են վերցնել այդ փողը, այլև նրանք, ովքեր պատրաստ են բաժանել: Իսկ երբ ոչ միայն վերցնողների, այլև բաժանողների շարքերում լինում են նաև «մտավորականներ», իշխանությունը դառնում է ավելի սանձարձակ` ընտրությունից ընտրություն բարոյազրկելով հասարակությանը: Այդպիսի հասարակությանը շատ ավելի հեշտ է կաշառել և կառավարել:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս