
«Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից:
Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել` Գյումրիի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք բաժանելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. հուլիսի 21-ի որոշմամբ վերացվել էր հիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցվել քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, ՀՀԿ անդամ Շ. Մելքոնյանը ՀՀԿ օգտին քվեարկելու նպատակով Գյումրի քաղաքի մի քանի քաղաքացիների 5 հազարական դրամ ընտրակաշառք է տվել, որպեսզի նրանք 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններին քվեարկեն ՀՀԿ օգտին` այդկերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Շ. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ընտրակաշառք ստացած քաղաքացիների մասով 2012թ. օգոստոսի 9-ին որոշում է կայացվել` քրեական հետապնդում չիրականացնելու մասին` գործուն զղջման հիմքով:
Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: