Սեփականաշնորհման ծավալները նվազել են
2011 թվականին աշխարհում սեփականաշնորհման գործարքների ծավալը 2010 թվականի համեմատ կտրուկ նվազել է: Ըստ «The Finencial Times»-ի, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել նմանատիպ գործարքները` մինչև «լավ ժամանակներ»:
Պետական գույքի մասնավորեցման գործարքներից ստացվող եկամուտները նվազել են 56%-ով` 213,6 միլիարդից հասնելով 94,4 միլիարդ դոլարի: Այդ ցուցանիշը 2010 թվականին ռեկորդային է եղել: Սեփականաշնորհման խոշորագույն գործարքը 2011թ. ընթացքում եղել է ամերիկյան AIG ապահովագրական ընկերության բաժնետոմսերի վաճառքը, ինչի արդյունքում պետության մասնաբաժինը 92%-ից նվազել է մինչև 77%:
Վաճառքի շնորհիվ ԱՄՆ-ը գրավել է 3-րդ տեղը սեփականաշնորհման ակտիվություն ցուցաբերած երկրների ցուցակում: Ակտիվների սեփականաշնորհմամբ զբաղվող երկրների առաջին հորիզոնականում է Չինաստանը, որը ստացել է 14,2 միլիարդ դոլար՝ 19 գործարքից, նրան հաջորդում են Ավստրալիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իռլանդիան: Ամենամասշտաբային գործարքը պետք է համարվեր Իսպանիայի՝ «Loterias y Apuerto del Estado» վիճակախաղի 30 տոկոս բաժնեմասի վաճառքը, սակայն այդ գործարքը չեղյալ հայտարարվեց աճուրդի համար նշանակված ժամկետի նախօրեին:
Ռուսաստանում պետական ակտիվների սեփականաշնորհման մի քանի գործարքներ կարող են տեղի ունենալ այս տարվա ընթացքում: Կառավարությունը նախատեսել է վաճառել այնպիսի կազմակերպությունների բաժնետոմսերի փաթեթներ, ինչպիսիք են «Ռուսական երկաթուղիները», «Աերոֆլոտը» և «Ռոսնավթը»: Պետությունը նախատեսել է սեփականաշնորհումից ստանալ ավելի քան 450 միլիարդ ռուբլի եկամուտ՝ մոտ 14 միլիոն դոլար: