«Փարոս»-ը ձայնասկավառակ կթողարկի
Երևանի պետական կոնսերվատորիայում ուսանելու նպատակով 2003 թվականին Լիբանանից Հայաստան տեղափոխված Րաֆֆի Միքայէլեանը 2008թ. ավարտելով Կոնսերվատորիան` 2009թ. ստանձնել է հաշմանդամ մարդկանց «Փարոս» երգչախմբի ղեկավարությունը: Երգչախմբի գործունեության շուրջ զրուցեցինք Րաֆֆիի հետ:
– Ե՞րբ է ձևավորվել երգչախումբը:
– Ձևավորվել է 1993 թվականին` Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնին կից: 1993-2009թթ. հիմնադիր-խմբավարը եղել է Վաչագան Նավասարդյանը: 2009 թվականից երգչախմբի խմբավարը ես եմ: Երգչախումբը համերգներ է ունեցել 1997 թվականին Անգլիայում, 1998թ.` Վրաստանում, մրցույթների է մասնակցել 2000թ. Անգլիայի Ջերսի կղզում, 2003թ.՜ Իտալիայում, 2002թ. և 2004թ. թողարկել է ձայնասկավառակներ:
Իմ ղեկավարության ժամանակաշրջանում առաջին անգամ երգչախումբը Բրատիսլավայում 2011թ. մայիսին կայացած «Մուզիկա սաքրա»` «Սուրբ երաժշտություն» անվանումով 6-րդ միջազգային մրցույթում ստացել է երեք մրցանակ: Միակ երգչախումբն էինք, որ երեք մրցանակներով ենք վերադարձել այնտեղից` 2 բրոնզե մրցանակ` 2 կատեգորիաներում: Առաջինը` կամերային երգչախմբեր, երկրորդը`օրթոդոքս եկեղեցիների հոգևոր երաժշտություն կատերգորիաներն էին: Եվ մեկ հատուկ մրցանակ ստացել ենք հայկական երաժշտությունը ներկայացնելու համար: Այդ մրցույթի ժամանակ այնտեղ բավական լուրջ երգչախմբեր էին մասնակցում Եվրոպայի տարբեր երկրներից` Լեհաստանից, Ավստրիայից, Չեխիայից, Հունգարիայից, Սլովենիայից, Սլովակիայից, ևայլն: Այս տարի մեր սովորական մենահամերգն էր, որտեղ մենք ներկայացրեցինք բոլորովին նոր գործեր: Առաջին անգամ Հայաստանում՝ Լարս Յանսոնի «Սալվե Րեգինա» ստեղծագործությունը , Պյոտր Յանչագի «Քիրիե Էլեյսոն» ստեղծագործությունը և կամերային նվագախմբի և երգչախմբի համար Կարեն Անանյանի մշակմամբ «Նազան իմ յարը» ստեղծագործությունը:
– Ովքե՞ր են երգչախմբի անդամները:
– Երգչախումբը մեծամասամբ բաղկացած է երաժշտական կրթություն չունեցող մարդկանցից: Պրոֆեսիոնալ երաժիշտներ շատ քիչ կան խմբերում` յուրաքանչյուր խմբում մեկ հոգի: Այդ նորամուծությունն այս տարի ես արեցի: Երգչախմբի անդամները հիմնականում՝ անվասայլակներով տեղաշարժվող են, բայց կան նաև տեսողական խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդիկ են: Երգչախմբում կան նաև ոչ հաշմանդամ մարդիկ: Դա էլ վերջին երկու տարվա նորարարությունն է: Իսկ 3-4 տարի առաջ երգչախմբում երգում էին միայն հաշմանդամ մարդիկ: Այժմ երգչախմբի 85%-ը հաշմանդամ մարդիկ են, իսկ մնացած 25 %-ը` ոչ հաշմանդամ մարդիկ:
– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
– Պատրաստվում ենք ձայնասկավառակ թողարկել, հատկապես, որ վերջին ձայնասկավառակը 8 տարի առաջ է թողարկվել: Ձայնասկավառակում ընդգրկված կլինեն ինչպես երգչախմբի նոր երգերից, այնպես էլ հոգևոր երգեր: Նախատեսել ենք ձայնասկավառակը թողարկել մինչև տարեվերջ: Տեղի կունենա ձայնասկավառակի շնորհանդես: Դրանից հետո մենք կպատրաստվենք մեր երգչախմբի ձևավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը կնշենք, հավանաբար, 2013 թվականի գարնան վերջին: